Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բյուջեում առաջնահերթություն տալ արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը

2 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բյուջեում առաջնահերթություն տալ արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային առաջնահերթությունները՝ պնդելով, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել արտադրության զարգացմանն ու երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարապետյանը այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Կարապետյանի գնահատմամբ՝ նախագծում բավարար չեն տնտեսական միավորների զարգացմանն ու երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծախսերը։ Դրանք, իր հաշվարկով, կազմում են բյուջեի շուրջ 0,5 տոկոսը։

«Սա սպառողական բյուջե է, սա ապագա կառուցելու բյուջե չէ։ Այսօր լավ է, վարկերը վերցնենք, ապրենք։ Նույն ընտանիքի օրինակով՝ վարկը վերցնենք, ապրենք»,- հայտարարել է նա։

Խմբակցության ղեկավարը բյուջետային քաղաքականությունը համեմատել է ընտանիքի՝ առկա գումարը սեփական գործի զարգացմանը կամ հանգստին ուղղելու ընտրության հետ՝ պնդելով, որ առաջնահերթ պետք է լինի եկամուտ ստեղծող հնարավորությունների ընդլայնումը։

Անդրադառնալով Կառավարության ներկայացրած աշխատատեղերի աճի ցուցանիշներին՝ Կարապետյանը նշել է, որ կարևոր է նաև, թե որ ոլորտներում են դրանք ստեղծվում։

«Աշխատատեղերի գրանցման հետ կապված հնարավոր է լինի աճ, նաև ոլորտներ կան, որ կլինի, բայց կարևոր է, թե որ ոլորտում։ Պետք է ուշադիր լինեք՝ այն ոլորտներում պետք է աճ լինի, որոնք հավելյալ դրական բան են տալիս մեր տնտեսությանը, արտահանում են ապահովում։ Ինչ-որ բան, որ Թուրքիայից ենք բերում, այլ երկրներից ենք բերում, լավ կլինի, որ մենք արտադրենք, հայը արտադրի Հայաստանում»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իր հիմնական առաջարկն արդյունաբերականացման խթանումն է։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում