Տնտեսություն

Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2027 թվականին կկազմի 13.6 տրիլիոն դրամ. Վահե Հովհաննիսյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2027 թվականին կկազմի 13.6 տրիլիոն դրամ. Վահե Հովհաննիսյան

2027 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6 տոկոս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2021-2025 թվականներին Հայաստանում տնտեսական միջին աճը կազմել է 7.9 տոկոս, ինչը վկայում է բեկումնային զարգացման մասին։

«2021 թվականի համեմատ բյուջեի ծախսերը կրկնապատկվում են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի։ Կապիտալ ծախսերը կրկնապատկվում են 2022 թվականի համեմատ։ Կապիտալ ծախսերի աճը ոչ միայն նշանակում է ավելի շատ հիմնական միջոցներ և ենթակառուցվածքներ, այլև պետական և մասնավոր հատվածների կարողությունների կրկնապատկում՝ այդ կապիտալ ծախսերի իրականացումն ապահովելու համար»,- նշել է նախարարը։

Նախարարը նշել է, որ 2027 թվականի բյուջեն Կառավարության հնգամյա ծրագրի իրականացման առաջին բյուջեն է, որը պետք է ապահովի նախորդ շրջանի բարեփոխումների պատշաճ ֆինանսավորումը և ամուր հիմքեր ստեղծի ապագա ծրագրերի իրականացման համար։

 «Անվանական ՀՆԱ-ն 2027 թվականին կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ, ինչը կրկնակի ավելի է, քան 2021 թվականին։ Այս աճի մեջ ներառված է գնաճը, որը կուտակային առումով այս տարիների ընթացքում կազմել է ընդամենը 23.8 տոկոս։ Այս բոլոր ցուցանիշները վկայում են այն հավատի մասին, որ ունենք Հայաստանի ապագայի, իրական Հայաստանի կենսունակության և բարեկեցության հանդեպ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Հայաստանը միջազգային կապիտալի համար ավելի գրավիչ է դառնում՝ ներգրավելով ինչպես օտարերկրյա, այնպես էլ պորտֆելային ներդրումներ։ Ներդրումների ներհոսք է արձանագրվում նաև մասնավոր հատվածում, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայում։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ ընթացիկ հաշվի պակասուրդի ֆինանսավորումը չի կառուցվել արտաքին արտարժութային պարտք ներգրավելու վրա։ Ընդհակառակը՝ վերջին տարիներին էապես նվազել է Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին և արտարժութային պարտավորությունների կշիռը։

«2010-2017 թվականներին ընթացիկ հաշվի պակասուրդը միջինում կազմել է ՀՆԱ-ի 6.7 տոկոսը, 2018-2021 թվականներին՝ 5.1 տոկոսը, իսկ 2021-2025 թվականներին՝ ընդամենը 4.5 տոկոսը։ Մենք բարելավել ենք ընթացիկ հաշվի երկարաժամկետ դիրքը՝ էապես նվազեցնելով արտաքին փոխանցումներից կախվածությունը։ Դրան զուգահեռ՝ աճել է ծառայությունների արտահանման և ծառայությունների հաշվեկշռի դերը։ Արտաքին փոխանցումներից մեծ կախվածություն ունեցող տնտեսությունից շարժվում ենք դեպի սեփական արտադրական և արտահանման կարողությունների վրա ավելի շատ հենվող տնտեսություն»,- նշել է Հովհաննիսյանը։

Նախարարը նաև ներկայացրել է ակտիվ հարկ վճարողների թվի աճի ցուցանիշները։

«Եթե 2021 թվականին նրանց թիվը կազմել է 107 հազար, ապա 2025 թվականին այդ թիվը երազանցել է 148 հազարը։ 2026 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով՝ ակտիվ հարկ վճարողների թիվն արդեն հասել է ավելի քան 155 հազարի»,-հավելել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում