Հայաստան

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է մեկ տարով երկարաձգել Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

«Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Մասնավորապես, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2,154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 6,929 անձ։

«Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակում օրենսդրությամբ սահմանված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջը։

Վերոգրյալով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա ապահովել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը՝ միաժամանակ նվազեցնելով փաստաթղթերի ժամկետները լրանալու հետևանքով առաջացող վարչական խոչընդոտները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում