Հայաստան

Սոնա Ղազարյանը հորդորել է երեխայի ծննդյան նպաստից գումար հատկացնել քարսիթի ձեռքբերմանը

3 րոպեի ընթերցում

Սոնա Ղազարյանը հորդորել է երեխայի ծննդյան նպաստից գումար հատկացնել քարսիթի ձեռքբերմանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ծնողներին հորդորել է երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցությունից գումար հատկացնել նրա անվտանգությանը՝ ձեռք բերելով մեքենայի համար մանկական նստատեղ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նոյեմբերի 17-ի նիստում այս մասին խոսել է ճանապարհային անվտանգությանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ։

«Նախ՝ երեխա ունենալը ենթադրում է հսկայական պատասխանատվություն։ Պետությունը առաջին, երկրորդ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում տալիս է գումար։ Բարի եղեք այդ գումարը տրամադրել ձեր իսկ երեխայի անվտանգությանը՝ գնեք քարսիթ»,- ասել է Ղազարյանը։

Նա համաձայնել է Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, որ անհրաժեշտ է ուսումնասիրել վարորդների վարքագիծը։ Ղազարյանի գնահատմամբ՝ միայն 20 հազար դրամ տուգանք սահմանելով հնարավոր չի լինի լուծել երեխաներին առանց մանկական նստատեղի տեղափոխելու խնդիրը։

Պատգամավորը նշել է, որ երեխաները պետք է սկզբից սովոր լինեն մեքենայում մանկական նստատեղով երթևեկելուն։

«Ասում են՝ իմ երեխան քարսիթում չի սիրում նստել։ Դե իհարկե, եթե մի երեք-չորս տարեկանում առաջին անգամ նստացնես, դու կապես, երեխան կարող է դիմադրել։ Բայց սա երեխայի սիրել-չսիրելու հարցը չի, երեխան ծնված օրվանից պետք է լինի քարսիթում»,- ընդգծել է նա։

Ղազարյանը հայտնել է, որ պատրաստվում է երեխաների անվտանգ տեղափոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն մշակել՝ այդ աշխատանքում համագործակցության ակնկալիք հայտնելով նաև ընդդիմությունից։

«Ես այդ նախագիծը կգրեմ։ Տիկին Խամոյան, դուք էլ փորձառություն ունեք, ուսումնասիրել եք, ակնկալում եմ, որ ընդդիմության հետ լավագույն տարբերակով այն կշրջանառենք, որովհետև այս հարցը վերաբերում է ոչ միայն իմ, այլև մեր բոլորի երեխաներին»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մինչև 5 տարեկան երեխաներին առանց մանկական նստատեղի ավտոմեքենաներով փոխադրելու տուգանքը 5 հազար դրամից դարձնել 20 հազար դրամ, ինչպես նաև վարորդից այդ խախտման համար հանել 1 տուգանային միավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում