Երկրորդ շարքում կայանելու տուգանքն առաջարկվում է 5000-ից դարձնել 20 հազար դրամ
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար տուգանքներն ու տուգանային միավորները բարձրացնելու նախագիծը։
Մասնավորապես, երկրորդ կամ ավելի շարքում մեքենան տեղակայելու համար գործող 5000 դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 20 հազար դրամ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենսդրական փաթեթը նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Մեր ուսումնասիրությունները և մշտադիտարկումները վկայում են, որ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն են ազդում հատկապես Երևանում առաջացող խցանումների վրա, իսկ դրանց տուգանքները կամ բալային կշիռները, ըստ էության, անհամաչափ են այդ արարքների նկատմամբ»,- ասել է նա։
Երկրորդ կամ ավելի շարքում մեքենան տեղակայելու դեպքում առաջարկվում է կիրառել նաև մեկ տուգանային միավոր՝ գործող 0,25-ի փոխարեն։
«Մուտքն արգելվում է» և բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելող նշանների պահանջները խախտելու համար ևս առաջարկվում է 20 հազար դրամ տուգանք՝ երկու տուգանային միավորով։
««Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի խախտման դեպքում նույնպես առաջարկվում է սահմանել 20 հազար տուգանք և մեկ տուգանային միավոր»,- նշել է փոխնախարարը։
Եթե կանգառի կամ կայանման կանոնների խախտման հետևանքով մեքենան տարհանվում է, առաջարկվում է գործող 20 հազար դրամ տուգանքը բարձրացնել 29 հազարի և կիրառել մեկ տուգանային միավոր։
Մկրտչյանի խոսքով՝ նախատեսված արտոնությունների կիրառման դեպքում 20 հազար դրամ տուգանքը կարող է կազմել 11 հազար 200 դրամ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին կանգառի և կայանման կանոնների խախտումների հայտնաբերված դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15,6 տոկոսով՝ հասնելով 272 հազար 56-ի։