Քաղաքականություն

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին չի ընդունել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» խորագրով հայտարարության նախագիծը նիստերի օրակարգում ընդգրկելու մասին որոշումը. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից առաջ ելույթ են ունեցել նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Գալստյանը հիշեցրել է, որ նախորդ օրը «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվել են ժողովրդավարության վիճակի վերաբերյալ նվիրված լսումներ, որոնց միացել է նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

«Հույս ունեինք նաև, որ քաղաքական մեծամասնությունը ևս շահագրգիռ պիտի լիներ երկրում ժողովրդավարության վերահաստատման ուղղությամբ։ Սակայն բախվեցինք այն իրականությանը, որ քաղաքական մեծամասնությունը բացարձակապես անհաղորդ մնաց։ Մենք մեր լսումները կազմակերպեցինք, մենք մեր արժեքների մասին բարձրաձայնեցինք և չենք պատրաստվում հրաժարվել այդ արժեքներից»,- ասել է Գալստյանը։

Նա հավելել է, որ երկու քաղաքական ուժերի՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների համատեղ հայտարարությունը կհրապարակվի։

Հարակից զեկուցող Արման Եղոյանն իր հերթին ներկայացրել է, թե ինչու է նախագիծը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել բացասական եզրակացություն։ Նա չի համաձայնել նախագծում ներկայացված գնահատականներին։

«Նախ՝ որովհետև այնտեղ արձանագրված գնահատականներն ամբողջությամբ սխալ են, սուտ են, հիմնավորված չեն որևէ այլ կազմակերպության կամ որևէ այլ դիտորդի՝ երրորդ կողմի անաչառ աչքի գնահատականով։ Եվ երկրորդ՝ այն պատճառով, որ եթե մենք բարելավելու տեղ էլ ունենք ժողովրդավարական բարեփոխումները, ապա Դաշնակցության հետ այդ հարցում անելիք մենք չունենք»,- հայտարարել է Եղոյանը։

Անդրադառնալով Լիլիթ Գալստյանի վկայակոչած՝ Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսին՝ Եղոյանը նշել է, որ Հայաստանը 2016 թվականին ունեցել է 10 հնարավորից 3,88 միավոր, 2022 թվականին՝ 5,63, իսկ վերջին երեք տարիներին՝ 5,35 միավոր։

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների նվազումը պետք է դիտարկել նախորդ բարձր ցուցանիշի համեմատ։ Եղոյանը նաև ընդգծել է, որ քաղաքական մշակույթի գնահատականի ձևավորման վրա ազդում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործողություններն ու խոսույթը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում