Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

4 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից վեց օրենքներում լրացումներ նախատեսող փաթեթն ընդունվել է նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում։ Նախագծին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Ընդդիմությունը չի մասնակցել նիստին։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ներկայացրել է առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները։

«Նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունմանն ընդառաջ Կառավարությունն առաջարկել է դրանում որոշակի լրամշակումներ կատարել, որոնք միտված են հասկացությունների միասնականացմանը և որոշակի երաշխիքների ամրապնդմանը։ Մասնավորապես՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվում է սահմանել «միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն» հասկացությունը, որպեսզի հետագայում փաթեթում ներառված մյուս օրենքներում հնարավոր լինի հղում կատարել այս հասկացությանը, և կարգավորումն ավելի հստակ ու տեսանելի լինի»,- ասել է Դադունցը։

Փոխնախարարը պարզաբանել է, որ լրացուցիչ երաշխիք է նախատեսվել ընկերության ընդհանուր ժողովում և խորհրդում որոշումների ընդունման համար։ Թեև թույլատրվում է սահմանել քվեարկության՝ ընդհանուր կարգավորումներից տարբերվող կանոններ, ընկերության համար ամենակարևոր որոշումների ընդունման համար պահանջվող ձայների քանակը չի կարող օրենքով նախատեսվածից պակաս լինել։

«Այսինքն՝ այս հարցերում շեմը կարող է միայն բարձրացվել, բայց ոչ իջեցվել»,- ընդգծել է նա։

Հստակեցումներ են կատարվել նաև միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների դուստր ընկերությունների վերաբերյալ։ Նրանց նկատմամբ օրենքից տարբերվող կարգավորումների կիրառման համար նախատեսվում է Կառավարության որոշմամբ հավանություն ստանալու պահանջ՝ պետության՝ որպես բաժնետիրոջ երաշխիքների պահպանությունն ապահովելու նպատակով։

Դադունցը հայտնել է նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող դրույթների լրամշակման մասին։ Նրա ներկայացմամբ՝ միջպետական ծրագրի առանձնահատկություններով պայմանավորված՝ այն իրականացնող ընկերությունը կարող է համակարգել կապալառուների աշխատանքը կամ պետական աջակցություն ստանալ։ Հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել այդ գործունեության և մրցակցության պաշտպանության կարգավորումների հարաբերակցությունը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ փաթեթը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։

Փաթեթով հատուկ իրավական կարգավորումներ են նախատեսվում Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց իրագործման նպատակով ստեղծվող ընկերությունների համար, որոնցում պետության մասնակցությունը կազմում է առնվազն 25 տոկոս։ Մեխանիզմը նախատեսված է նաև ապագայում իրականացվելիք նմանատիպ միջազգային ծրագրերի համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում