ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը
6 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող՝ պետության առնվազն 25 տոկոս մասնակցությամբ ընկերությունների համար հատուկ կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Փոփոխությունները հնարավորություն կտան առաջ մղել նաև ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության հիմնադրման աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից վեց օրենքներում լրացումներ նախատեսող փաթեթը նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում ընդունվել է 64 կողմ ձայնով։ Ընդդիմությունը նիստին չի մասնակցել։
Փաթեթը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ պարզաբանելով, որ առաջարկվում է միջազգային համագործակցության շրջանակում ստեղծվող ընկերությունների համար ապահովել կառավարման առավել ճկուն իրավական հիմք։
«Այս փաթեթով առաջարկում ենք Հայաստանի իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։ Խոսքը ոչ թե պարզապես գործող օրենքից առանձին բացառություններ նախատեսելու մասին է, այլ միջազգային համագործակցության շրջանակում ձևավորվող ընկերությունների գործունեության համար ճկուն և կանխատեսելի իրավական հիմք ստեղծելու մասին է»,– ասել է Դադունցը։
Փոխնախարարի ներկայացմամբ՝ միջազգային տնտեսական ծրագրերի իրականացման համար կարող են ստեղծվել Հայաստանի և օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ ընկերություններ։ Դրանց կառավարման մոդելը ձևավորվում է նաև միջպետական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կարող են տարբերվել ներպետական օրենսդրության ընդհանուր կանոններից։
Դադունցը նշել է, որ գործող օրենքի մի շարք դրույթներ պարտադիր բնույթ ունեն և ճկունության հնարավորություն չեն թողնում։ Միաժամանակ միջազգային պայմանագիրը չի կարող մանրամասն կարգավորել ընկերության կորպորատիվ կառավարման բոլոր հարցերը։
«Այս ինստիտուտի անհրաժեշտությունը տեսանելի է դարձել ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում և Ազգային ժողովի կողմից վավերացված շրջանակային համաձայնագրի համատեքստում։ Բայց կարևոր է ընդգծել, որ մենք սրանով ստեղծում ենք ընդհանուր կիրառելի իրավական կառուցակարգ, որը կարող է ծառայել նաև ապագա նմանատիպ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծել է նա։
Հատուկ կարգավորումները նախատեսվում է կիրառել երկու պայմանի միաժամանակյա առկայությամբ․ ընկերությունը պետք է ստեղծված լինի Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, իսկ Հայաստանի մասնակցությունը պետք է կազմի առնվազն 25 տոկոս։
Փոխնախարարը որպես երաշխիք առանձնացրել է նաև օրենքից տարբերվող կարգավորումների ենթակա հարցերի հստակ ցանկը։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, խոշոր գործարքներին, կառավարման մարմինների ձևավորմանն ու որոշումների ընդունմանը, բաժնետոմսերի օտարմանը և բաժնետերերի պատասխանատվությանը։ Պետության մասնակցությունը 25 տոկոսից նվազելու դեպքում հատուկ կարգավորումն այլևս կիրառելի չի լինի։
Քննարկման ընթացքում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է՝ եթե առաջարկվող կանոններն ավելի ճկուն են, ինչո՞ւ դրանք չեն տարածվում նաև սովորական ռեժիմով գործող ընկերությունների վրա։
Դադունցը պատասխանել է, որ գործող պարտադիր կարգավորումները պաշտպանում են բաժնետերերի իրավունքները, իսկ դրանցից բացառություններն ընդհանուր կիրառության դարձնելը կարող է խնդիրներ առաջացնել։
«Եթե մենք թույլ տանք, որ այս շատ ճկուն կարգավորումները կիրառելի լինեն բոլոր ընկերությունների նկատմամբ, ապա մենք նաև դրանով կարող ենք խաթարել, օրինակ, ընկերության փոքր բաժնետիրոջ շահերը»,– ասել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ քննարկվող դեպքում պետությունն արդեն միջազգային պայմանագրով ստանձնել է համապատասխան պարտավորություններ և մյուս բաժնետերերի համեմատ ավելի ուժեղ դիրքում է գտնվում։
Փաթեթով լրացումներ են նախատեսվում նաև Քաղաքացիական օրենսգրքում, «Գնումների մասին», «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Սնանկության մասին» օրենքներում և Սնանկության օրենսգրքում։ Նախագծերով համապատասխան ընկերությունների համար սահմանվում են նաև այդ օրենքների կիրառման բացառություններ։
Խորհրդարանն ընդունել է քննարկման հատուկ ընթացակարգ․ երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության ներկայացման համար սահմանվել է առնվազն երեքական ժամ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը՝ ձայների 63 կողմ, 32 դեմ համամասնությամբ։