Հայաստան

Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-14-ին

8 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-14-ին

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կայուն զարգացման և նպատակների (ԿԶՆ) նորարարական կենտրոնը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության (ԲՏԱԱԲ) նախարարության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 13–14-ին կանցկացնի «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական միջոցառումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկօրյա միջոցառման նպատակն է արհեստական բանականության (ԱԲ) անվտանգ և պատասխանատու կիրառումը դարձնել հասանելի, հասկանալի և օգտակար հասարակության լայն շերտերի համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից և բնակության վայրից։

«ԱԲ օրեր 2026»-ի գլխավոր միջոցառումը՝ «ԱԲ Ագորա»-ն (AI Agora), կանցկացվի նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Արհեստական բանականությունը՝ մարդկանց, աշխատանքի և ժողովրդավարության համար» խորագրով։

Ագորան Հին Հունաստանում խորհրդանշում էր բաց հրապարակ, որտեղ հանրությունը միասին մտածում և ապագայի մասին որոշումներն էր նախանշում՝ հիմք դնելով ժամանակակից ժողովրդավարությանը։ Ճիշտ նույն սկզբունքով ՄԱԶԾ-ն մեկ հարկի տակ կհավաքի քաղաքականություն մշակողներին, գիտական և տեխնոլոգիական համայնքին ու քաղաքացիներին՝ որպես հավասար զրուցակիցներ՝ փնտրելու պատասխաններ այն հարցերին, որոնք արհեստական բանականության ակտիվ կիրառման դարաշրջանում վերաբերում են յուրաքանչյուրին. ի՞նչ ներուժ ունի արհեստական բանականությունը Հայաստանում, ինչպե՞ս կզարգանա այն առաջիկա տարիներին և ի՞նչ կանոններով պետք է գործի, որպեսզի նպաստի երկրի առաջընթացին և մարդկային կապիտալի զարգացմանը։

«ԱԲ Ագորա»-ի մեկնարկին մասնակիցներին կողջունի Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին։ Թեմատիկ քննարկումներին կմասնակցեն ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Տաթև Ասլանյանը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Աննա Բաբաջանյանը։

«ԱԲ օրեր 2026» միջոցառման շրջանակում նոյեմբերի 13-ին Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն ԱԲ գործնական կիրառմանը նվիրված դասընթացներ՝ ԱԲ պատասխանատու և անվտանգ օգտագործման, կիբեռանվտանգության, ինչպես նաև շարունակական կրթության, զբաղվածության և ձեռնարկատիրական հնարավորությունների մասին։

Ամբողջ Հայաստանում այդ միջոցառումները կիրականացնեն ՄԱԶԾ գործընկերները՝ «NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի շահառուներն ու «ԱԲ օրեր»-ին միացած կազմակերպությունները։ Նրանց նախաձեռնությունները բազմազան են՝ թեմատիկ դասընթացներից ու գործնական աշխատարաններից մինչև քննարկումներ և ինտերակտիվ միջոցառումներ։

Մասնավորապես՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) կկազմակերպի ԱԲ գործիքների կիրառմանն ու ձեռնարկատիրական հնարավորություններին նվիրված հանդիպումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ջանքերով Generation AI ծրագրի ուսանողները մի քանի ժամով կդառնան ուսուցիչներ՝ իրենց հասակակիցներին ինտերակտիվ և գործնական առաջադրանքների միջոցով ներկայացնելով ԱԲ հնարավորությունները։

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը (ISTC) Երևանի և 6 մարզի երիտասարդների համար «AI-ը գործնականում. բիզնես, կրթություն և տեխնոլոգիաներ» խորագրով միջմարզային ֆորում կկազմակերպի։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը (MIC Armenia) կանցկացնի «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր. ԱԲ-ի անվտանգ օգտագործումը Հայաստանում» առցանց միջոցառումը՝ ԱԲ-ով հետաքրքրված պատանիների և մեծահասակների համար։

Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողներին կծանոթացնի՝ ինչպես է ԱԲ-ն ազդում աշխատաշուկայի վրա և ինչ հմտություններ են նրանց անհրաժեշտ այսօր՝ վաղվա համար։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն շուրջ 100 երիտասարդների համար կկազմակերպի «Future Skills Forum. ԱԲ, կարիերա և թվային ապագա» միջոցառումը. այն նվիրված է մասնագիտական կողմնորոշմանն ու այդ ճանապարհին ԱԲ գործիքների նպատակային կիրառմանը։

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը (Teach For Armenia) «Արհեստական բանականությունը՝ որպես ուսուցչի գործընկեր և աջակից» նախաձեռնության շրջանակում կուղղորդի մարզերի ուսուցիչներին ԱԲ գործիքներ սովորելու և կիրառելու հարցում. ուսուցիչները կսովորեն՝ ինչպես ԱԲ-ով կազմել դասապլաններ։

Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողները կուսումնասիրեն ԱԲ պատասխանատու կիրառման թեման՝ կատարելով գործնական առաջադրանքներ և կիրառելով ԱԲ-ն իրական խնդիրներ լուծելու համար։

TUMO Labs-ը պետական ծառայողների համար կանցկացնի «ԱԲ-ն աշխատանքում. ինչ վստահել ԱԲ-ին և ինչ՝ ոչ» խորագրով հանդիպում. մասնակիցները կպարզեն՝ ինչպես կարող է ԱԲ-ն թեթևացնել իրենց առօրյա աշխատանքը և բարձրացնել հանրային ծառայությունների որակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «ԱԲ օրեր»-ին կմիանան նաև մի քանի տասնյակ հանրակրթական դպրոցներ։ Նոյեմբերի 13-ին 12-րդ դասարանցիները, որոնք այս տարի ընտրում են իրենց մասնագիտական ուղին, ԱԲ-ով դասերի, աշակերտական նախագծերի և քննարկումների միջոցով կսովորեն ԱԲ-ն կիրառել գրագետ ու անվտանգ, իսկ նրանց տեսանյութերն ու աշխատանքները կներկայացվեն համապետական արշավում։

Հրազդանում ՄԱԶԾ-ն և համայնքապետարանը նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:-ին, Դրամատիկական թատրոնի շենքի դիմաց կանցկացնեն ԱԲ-ն, արվեստն ու ճարտարապետությունը միավորող երեկո։ Թատրոնի ճակատին եռաչափ լուսապատկերային տեխնոլոգիայով (3D projection mapping) կցուցադրվեն այն պատկերները, որոնք քաղաքի երիտասարդները ստեղծել են ԱԲ գործիքներով՝ պատմելու իրենց պատկերացրած ապագայի մասին։

Գյումրիում ՄԱԶԾ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական պաշտպանության ծրագրի շրջանակում՝ կանցկացնի «ԱԲ-ն Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում» խորագրով քննարկում՝ World Café ձևաչափով։ Շահառուները, ոլորտի պետական կառույցների ներկայացուցիչներն ու աշխատողները, հասարակական կազմակերպությունները և ԱԲ մասնագետները հինգ սեղանի շուրջ, որպես հավասար զրուցակիցներ, կքննարկեն՝ ինչ հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում ԱԲ-ն սոցիալական պաշտպանության համակարգում և որտեղ է մարդու դերն անփոխարինելի։

«ԱԲ օրեր 2026» միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության հետ համագործակցությամբ։

Նախաձեռնությունը համաֆինանսավորում են Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում