«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել
2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի բնակիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանդիպման նպատակն է անձամբ բնակիչներից ճշտել կառուցապատողին տրված հանձնարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև լսել այլ հարցերի վերաբերյալ նրանց մտահոգությունները։
«Սպառողի օգնական» հարթակով բնակիչներից ստացված բողոքների հիման վրա Հանձնաժողովը վարույթներ էր հարուցել «Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի նկատմամբ։
Վարույթների քննության արդյունքում կառուցապատողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ էին կիրառվել և տրվել էին մի շարք հանձնարարականներ բնակիչների բարձրացրած խնդիրների, մասնավորապես՝ գազիֆիկացման ապահովման, գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնության համար գանձված գումարների վերադարձի, ինչպես նաև այլ հարցերի լուծման նպատակով։
Խնդրին նաև համակարգային լուծում է տրվել։ Այն ներկայացվել է ՀԾԿՀ-ին, որի որոշմամբ գործող կարգը հստակեցվել է՝ արձանագրելով, որ նորակառույցում գազիֆիկացում ունենալու համար բնակիչը կառուցապատողի համաձայնությունը ստանալու, առավել ևս դրա դիմաց վճարում կատարելու կարիք չունի։
Հանդիպմանը ներկա բնակիչները շնորհակալություն են հայտնել Հանձնաժողովին խնդիրը կարգավորելու համար՝ շեշտելով, որ այն միակ պետական կառույցն էր, որն իրականում լուծում է տվել գազիֆիկացման հարցին։
Միաժամանակ բարձրացվել են մի շարք այլ խնդիրներ՝ շահագործման ակտի բացակայության, բնակարանների մակերեսների զգալի շեղումների, խոստացված ենթակառուցվածքների և այլ հարցերի առնչությամբ։