Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահը հորդորել է Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկումների առիթ չդարձնել

3 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահը հորդորել է Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկումների առիթ չդարձնել

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան հանգամանքները պետք է պարզվեն քննությամբ, իսկ դեպքը չպետք է վերածվի քաղաքական շահարկումների առիթի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

Ալեքսանյանը ցավակցել է Գևորգյանի հարազատներին՝ տեղի ունեցածը ողբերգական համարելով։

«Երիտասարդ մարդ է մահացել՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մնացածից։ Հայ մարդ է, Հայաստանի քաղաքացի է, և, բնականաբար, ցավ է պատճառում տեղի ունեցածը»,-ասել է նա։

Անդրադառնալով շտապօգնության ուշացման վերաբերյալ հարցին՝ Ալեքսանյանը նշել է, որ իր ստացած ոչ պաշտոնական տեղեկություններով՝ խոսքը մոտ քսան րոպեի մասին է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի տիրապետում սահմանված նորմատիվներին և չի փորձում արդարացնել հնարավոր խնդիրները։

«Չեմ արդարացնում, թող քննություն լինի, ամեն ինչը պարզվի»,– նշել է ԱԺ փոխնախագահը։

Ալեքսանյանը քննադատել է մահվան դեպքի վերաբերյալ ընդդիմության քաղաքական գնահատականները։

«Երեկվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, առհասարակ, նրանց այդ նոր ձևավորված «Սերժի ճակատի» ներկայացուցիչները փորձում են այս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել»,– ասել է նա՝ հորդորելով հրաժարվել այդ մոտեցումից։

Ճեպազրույցում բարձրացվել է նաև քրեակատարողական հիմնարկներում պահման և բուժօգնության պայմանների հարցը։ Ալեքսանյանն ընդունել է, որ բանտային պայմանների խնդիրը պետք է լուծում ստանա։ Բուժանձնակազմի համալրվածության վերաբերյալ նա նշել է, որ մանրամասներին չի տիրապետում, իսկ առկա խնդիրները պետք է պարզել։

46-ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության ներկայացրած տվյալներով՝ ինքնազգացողության վատթարացումից հետո նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է կենսաբանական մահը։ Ծառայությունը հայտնել է նաև, որ Գևորգյանը հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական գանգատներ չէր ներկայացրել։

Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գևորգյանը հոկտեմբերի 21-ից կալանավորված էր ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում