Տնտեսություն

2027 թվականի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը նախատեսվում է ավելացնել 57 միլիարդ դրամով

2 րոպեի ընթերցում

2027 թվականի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը նախատեսվում է ավելացնել 57 միլիարդ դրամով

Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերը 2026 թվականի բյուջեով նախատեսվածի համեմատ ավելացնել 57 միլիարդ դրամով։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ նախատեսվում է նվազեցնել բյուջեի պակասուրդը։

«Կանխատեսում ենք 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ ՀՆԱ։ Սա բարելավում է մեր նախորդ կանխատեսումների համեմատությամբ։ Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 միլիարդ  դրամ»,- ասել է նախարարը։

Կառավարության հրապարակած նախագծով պետական բյուջեի ծախսերը նախատեսված են շուրջ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամի չափով, իսկ պակասուրդը՝ 468,2 միլիարդ դրամ։ Պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներքին աղբյուրներից ներգրավել մոտ 187,5 միլիարդ, արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 միլիարդ դրամ։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը հնարավորություն է տալիս պահպանել պետական ներդրումների բարձր մակարդակը։

«Մենք ունենք 57 միլիարդ դրամի ավելի կապիտալ ծախս անելու հնարավորություն հաջորդ տարի»,- ասել է նախարարը։

Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի շուրջ 44 տոկոսը նախատեսվում է ուղղել պաշտպանության ոլորտին։ Նա առանձնացրել է նաև առողջապահության և սոցիալական ոլորտների հատկացումների աճը։

Նախագծով հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կկազմեն շուրջ 3 տրիլիոն 463 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 14,2 միլիարդ, այլ եկամուտները՝ 126,9 միլիարդ դրամ։  

2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում