Տնտեսություն

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան

4 րոպեի ընթերցում

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը մեկնարկել է, նոյեմբերի 9-ից արդեն հայտերն ընդունվում են։

Ծրագիրն ունի մարզային ուղղվածություն։ Սահմանվում է որոշակի հերթականություն սահմանամերձ բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետ Դավիթ Բարսեղյանը նշեց, որ այս օրերին ակտիվություն կա, քաղաքացիներից շատ զանգեր են ստանում։

«Շատերը նամակներ են գրում, զանգահարում ծրագրի պայմաններին, հնարավորություններին ծանոթանալու համար, ինչը ոգևորում է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ն է, այնպես որ 63-72 տարեկան մեր այն քաղաքացիները, որոնք ունեն բիզնես գաղափարներ ու ցանկանում են աջակցություն ստանալ, կարող են դիմել»,-ասաց Դավիթ Բարսեղյանը։

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին ու ինչպե՞ս աջակցություն ստանալ։ Այս փուլում՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ընդունվում են մասնակցության դիմումները։ Այնուհետև դիմած անձանցից ընտրվելու են 400-ը՝ բիզնես դասընթացին մասնակցելու համար։

«Շատ կարևորում ենք դասընթացի բաղադրիչը, որպեսզի մեր շահառուները տեղեկացված լինեն ինչպես օրենսդրությունից, այնպես էլ հմտություններ ձեռք բերեն ֆինանսների, բիզնեսի կառավարման գործընթացներում։ Ասեմ, որ հեշտ չի լինելու, դասընթացն անցկացնող մեր միջազգային գործընկերները բավականին պահանջկոտ մոտեցում են ցուցաբերելու»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

63-72 տարեկան քաղաքացիների համար բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր ծրագրի մանրամասներին նվիրված ասուլիս

Դասընթացը անցնելուց հետո անհրաժեշտ միավորներ հավաքած 200 շահառուները ստանալու են հավաստագիր, որով էլ դիմելու են բանկ ֆինանսական աջակցությունը ստանալու համար։ Արդեն բանկն է գնահատում բիզնես ծրագիրը ու ֆինանսավորման չափը։ Մինչ բանկին դիմելը, շահառուների համար պարտադիր պայման է ԱՁ ունենալը։

«Այստեղ ուզում եմ ընդգծել, որ կարող են դիմել ինչպես այն քաղաքացիները, որոնք պարզապես բիզնես գաղափար ունեն ու ցանկանում են գործ սկսել, այնպես էլ նրանք, որոնք արդեն ունեն բիզնես և նախատեսում են այն ընդլայնել։ Ուղղությունները տարբեր են՝ չրանոցներ, գաստրո բակեր, հյուրատներ, ջերմոցներ, ավտոմեքենաների սպասարկման կետեր, թվային գործիքների ներդրում, ժամանցի, սպորտային ծառայություններ և այլն»,-Նշեց Դավիթ Բարսեղյանը։

Բանկը ծրագիրը հաստատելուց հետո սկսելու է ֆինանսավորման գործընթացը։ Դավիթ Բարսեղյանը նշեց, որ գումարն անմիջապես շահառուին չի տրվելու։ Այլ օրինակ, բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումների, գույքի, ծառայությունների դեպքում գումարը փոխանցվելու է մատակարար ընկերություններին։   

Շահառուն պարտավոր է լինելու աջակցությունը ստանալուց 12 ամիս իրականացնել բիզնես գործունեություն։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է, որ աջակցությունն օգտագործվի նպատակային։

Ծրագիրը պիլոտային է, արդյունքներից կախված որոշում կկայացվի հետագա անելիքների մասին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում