Տնտեսություն

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

4 րոպեի ընթերցում

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

63-72 տարեկան քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեություն սկսելու, վերականգնելու կամ զարգացնելու համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն։ Նախատեսվում է առնվազն 400 քաղաքացու ներգրավել անվճար գործարար դասընթացներում, իսկ առավելագույնը 200 շահառուի տրամադրել ֆինանսավորում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։ Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։

Փոխնախարարը նշել է, որ ծրագիրը համադրում է երկու բաղադրիչ՝ ձեռնարկատիրական գիտելիքի ձևավորումն ու գործարար ծրագրի իրականացման ֆինանսավորումը։

«Դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացմանն ուղղված դասընթացներին, ձեռք բերել այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի սեփական գործը սկսելու համար»,-ասել է Խաչատրյանը։

Կրթական փուլում մասնակիցներին կաջակցեն նաև սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։ Հավաստագիր և գործարար ծրագիր ունենալուց հետո նրանք կկարողանան դիմել ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպություններին։

«Շատ կարևոր է նշել, որ մենք այստեղ չենք խոսում վարկային ֆինանսավորման մասին։ Խոսքը գնում է հենց պետական աջակցության մասին։ Այսինքն՝ ծրագրի պայմանների պահպանման դեպքում գումարի վերադարձման խնդիր չի լինի»,-ընդգծել է փոխնախարարը։

Աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով․ վճարումները կկատարվեն անմիջապես ապրանք մատակարարողի, աշխատանք կատարողի կամ ծառայություն մատուցողի հաշվին։

Ըստ ծրագրի՝ կրթական բաղադրիչը պետք է ներառի առնվազն 20 ակադեմիական ժամ ուսուցում։ Հավաստագիր կստանան ավարտական գնահատման արդյունքում առնվազն 60 տոկոս արդյունք գրանցած մասնակիցները։ Այն վավեր կլինի 12 ամիս։

Առաջնահերթություն կունենան սահմանամերձ, ապա լեռնային և բարձրլեռնային, այնուհետև այլ գյուղական բնակավայրերի դիմողները։ Նույն առաջնահերթության խմբում նախապատվություն կտրվի կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիներին։

Շահառուն պետք է արդեն ունենա ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսված իրավական կարգավիճակ կամ այն ձեռք բերի մինչև աջակցության պայմանագրի կնքումը։ Գործարար ծրագիրը նաև պետք է դրական ֆինանսատնտեսական գնահատական ստանա։

Գումարը կարող է ուղղվել սարքավորումների, գործիքների, հումքի ձեռքբերմանը, տարածքի վարձակալությանն ու հարմարեցմանը, թվային գործիքների ներդրմանը և գործարար ծրագրով հիմնավորված այլ ծախսերի։

Աջակցությամբ չի թույլատրվում վճարել աշխատավարձեր, մարել վարկեր, տույժեր կամ հարկային պարտավորություններ, ձեռք բերել անձնական օգտագործման ավտոմեքենա կամ անշարժ գույք։

Շահառուն պարտավոր է ապահովել գործունեության առնվազն 12-ամսյա շարունակականությունը։ Ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների կամ պարտավորությունների խախտման դեպքում աջակցությունը ենթակա կլինի ամբողջական կամ մասնակի վերադարձման։

Ծրագրի ֆինանսավորման առավելագույն ծավալը 400 միլիոն դրամ է։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել 2027 թվականի պետական բյուջեից՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում