Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
3 րոպեի ընթերցում

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Տավուշի մարզի Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի հարակից տարածքում մարզական և հանգստի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի նիստում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունքում: Մասնավորապես՝ որոշմամբ 70 մլն 902.7 հազար դրամ է նախատեսվել Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի և մանկական մարզադաշտի կառուցման աշխատանքների մեկնարկի համար։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 279.3 մլն դրամ, իսկ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ շուրջ 200.5 մլն դրամ։ Հատկացված միջոցները կազմում են պայմանագրային արժեքի շուրջ 35 տոկոսը և նախատեսված են մինչև տարեվերջ իրականացվելիք աշխատանքների ֆինանսավորման համար։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարելավելու դպրոցականների և համայնքի բնակիչների համար մարզվելու, ակտիվ հանգստի և ազատ ժամանակի կազմակերպման պայմանները՝ ստեղծելով ժամանակակից և առավել բարեկարգ միջավայր։
Կառավարության որոշմամբ նաև 4 մլն 198 հազար դրամի միջծրագրային փոփոխություն է կատարվել՝ Արմավիրի մարզի Գեղակերտի Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ի սկզբանե նախատեսվում էր մարզադպրոցի հիմնանորոգումը, սակայն հետագայում անհրաժեշտություն է առաջացել կառուցելու նոր շենք։
Նշված նախաձեռնությունները համահունչ են մարզական ենթակառուցվածքների զարգացման պետական քաղաքականությանը և 2026-2031 թվականների ռազմավարության շրջանակում նախատեսվող «100 կոմբինացված մարզահրապարակներ» և «100 մարզադպրոցի և արվեստի դպրոցի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում» ծրագրերին։