ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ին հաստատեց մի շարք ապրանքախմբերի համար նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստին ծրագիրը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը՝ նշելով, որ առաջարկվում է փորձնական ծրագիրը 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը իրականացնել նշված սննդամթերքի՝ մասնավորապես հրուշակեղենի, կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար։
Նրա խոսքով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ծրագրի ավարտից հետո 10-օրյա ժամկետում փորձնական ծրագրի գնահատման արդյունքները ներկայացնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ։
«Չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաև ՀՀ կառավարության հինգ որոշում, որոնցով նույնպես սահմանվում են դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Այդտեղ ներառված են հինգ ապրանքային խմբեր՝ բժշկական արտադրատեսակներ, դեղագործական արտադրանք, բժշկական պարագաներ և սարքավորումներ, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, լուսանկարչական ապարատներ, ավտոպահեսամասեր և անվադողներ, պիրոտեխնիկա, հրդեհային անվտանգության սարքավորումներ, խաղալիքներ և հեծանիվներ, բնական մորթուց հագուստ և պարագաներ»,-ասաց Մխիթարյանն ու ընդգծեց՝ փորձնական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա փորձնական փուլի ընթացքում դրոշմավորման մեխանիզմների և համակարգների ֆունկցիոնալության փորձարկում և գործընթացների հղկում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ազգային օպերատորի և տնտեսվարողների արդյունավետ փոխգործակցության կազմակերպում և այլն։
Նրա խոսքով՝ համակարգային և երկարաժամկետ արդյունքները կլինեն պետության համար ստվերային տնտեսության նվազեցում, բիզնես միջավայրի թափանցիկություն, լրացուցիչ հարկային եկամուտներ, իրական ժամանակում վիճակագրական տվյալների ստացում և ԵԱՏՄ երկրների վերահսկվող մարմինների համագործակցության ավտոմատացում։
Բիզնեսի համար՝ ազնիվ մրցակցության ապահովում՝ ստվերի կրճատման հաշվին, ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառության արտահանման պարզեցում՝ ամբողջ ԵԱՏՄ-ում մեկ միասնական դրոշմապիտակի ձևի կիրառմամբ, իսկ սպառողների համար՝ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակում, քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով ապրանքների իրականացման անմիջական ստուգում և հասարակական վերահսկողության ապահովում։
«Ներկայում Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորվում են ծխախոտը՝ 2023 թվականի մարտի 15-ից, ալկոհոլը՝ 2023-ի հոկտեմբերի 15-ից, շշալցված ջուրը՝ այդ թվում հանքային ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից, թեյը, սուրճը, յուղը, ձեթը, ձկնամթերքը, շոկոլադը, մակարոնեղենը, պահածոները, հյութերը, գարեջուրը, քացախը՝ 2025 թվականի մարտի 1-ից, իսկ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը, կենդանիների կերերը, դեղերը, վիտամինները, պատվաստանյութերը, ներկերը, լաքերը, կոսմետիկան, խնամքի միջոցները, օծանելիքը, օճառը՝ 2026 թվականի հունվարի 1-ից»,-հիշեցրեց Վրեժ Մխիթարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց արդյոք կենցաղային տեխնիկան, հեռախոսները փորձնական փուլո՞ւմ են, Մխիթարյանն էլ պատասխանեց՝ կենցաղային տեխնիկան՝ դեռ ոչ, իսկ հեռախոսների պիլոտային ծրագիրն ավարտված է։
Փաշինյանը շեշտեց, որ հատկապես հեռախոսների, համակարգիչների դեպքում ահռելի ստվեր կա, որին ամեն օր առնչվում են։ Նա կարծում է՝ ստվերից խուսափելու լավագույն միջոցը ապրանքատեսակների վրա QR կոդերի առկայությունն է, որն ասես ՀԴՄ-ի թիկունքը լինի։