Քաղաքականություն

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հնարավորություն տալ նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնել հանրաքվեի՝ միաժամանակ պահպանելով դրա դեմ քարոզելու իրենց իրավունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանը տարբերակել է խորհրդարանում հանրաքվեի ճանապարհը բացելու և Սահմանադրության նախագծին բովանդակային աջակցություն հայտնելու հարցերը։

«Ի՞նչն է խանգարում իրենց բավարար ձայն տալ Ազգային ժողովում տեքստին՝ տեխնիկապես, որպեսզի ժողովուրդը որոշի։ Եթե, ենթադրենք, իրենք ճիշտ են, և դա շատ վատ Սահմանադրություն է, շատ լավ, թող տան հնարավորություն, որպեսզի ժողովրդի դատին հանձնենք։ Թող իրենք գլխավորեն «ոչ»-ի շտաբը և թող ժողովրդի դատին ներկայացնեն իրենց դիրքորոշումը, և թող ժողովուրդը որոշի»,- ասել է նա։

Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է հայտարարել, որ դեմ է նախագծին, ներկայացնել իր փաստարկները, սակայն որոշելու հնարավորությունը տալ քաղաքացիներին, այդ թվում՝ սեփական ընտրողներին։

«Իրենք կարող են տալ բավարար քանակով քվե, հայտարարել, որ իրենք որպես քաղաքական ուժ դեմ են Սահմանադրության տեքստին, բայց նաև փաստարկեն՝ ինչու են դեմ, բայց ասեն՝ մենք որոշելու հնարավորությունը տալիս ենք ժողովրդին»,- նշել է ԱԺ նախագահը։

Նա նաև քննադատել է դեռ չհրապարակված տեքստը նախապես մերժելու մոտեցումը՝ ընդգծելով, որ գնահատական տալուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ առաջարկվող բովանդակությանը։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղման վերաբերյալ հարցին՝ Ռուբինյանը հայտարարել է, որ խոսքը գործող տեքստից դրույթ հանելու մասին չէ, քանի որ նոր Սահմանադրությունը մշակվում է զրոյից։

ԱԺ նախագահը հավելել է, որ իր առաջարկն ուղղված է խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում