ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
1 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը ողջունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում ԵԱՀԿ-ին դիտորդի կարգավիճակի շնորհումը բարձր գնահատելով կազմակերպության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը Համաժողովի աշխատանքներին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգային հարցերին: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում փոխկապակցվածության խթանմանն հնարավորություններին: