ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վնասող կամ այդպես մեկնաբանվող հայտարարություններին, որոնք ժամանակ առ ժամանակ հնչում են Բաքվից, նույնաբովանդակ պատասխաններ տալը սխալ մոտեցում է։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է գործել հանգիստ և դիվանագիտական ճանապարհով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ալեքսանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին և դրանց նկատմամբ հայկական կողմի արձագանքին։
Նրա խոսքով՝ հակամարտության ավարտից քիչ ժամանակ է անցել, երկու հասարակություններում էլ վերքերը դեռ թարմ են, և նույն հայտարարությունը կողմերը կարող են տարբեր կերպ ընկալել։
Արձագանքելով խաղաղության միակողմանի լինելու վերաբերյալ հարցադրմանը՝ Ալեքսանյանը չի համաձայնել այդ գնահատականին։
«Միակողմանի խաղաղություն չի լինում։ Եվ հիմա խաղաղությունը, որ կա, դա էլ միակողմանի չէ, դա երկկողմ է, որովհետև եթե սահմանի մի կողմից, օրինակ, չկրակեին հակառակ ուղղությամբ, իսկ մյուս կողմից կրակեին, դա չէր լինի խաղաղություն։ Փաստն այն է, որ սահմանի երկու կողմերից չեն կրակում, և կա խաղաղություն»,- հայտարարել է նա։
Ալեքսանյանն ընդունել է, որ Ադրբեջանի հնչում են հայտարարություններ, որոնք հնարավոր է մեկնաբանել որպես խաղաղության գործընթացի խաթարում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նման հայտարարություններին նույն կերպ արձագանքելը կարող է բացասական հետևանքներ ունենալ։
«Պետք է աշխատել հանգիստ, սառը ուղեղով և դիվանագիտորեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ նման հայտարարություններից առավելագույն քաղաքական շահ ստանալու փորձերը խրախուսելի չեն՝ հաշվի առնելով երկու հասարակությունների ապրած հակամարտությունն ու դրա հետևանքները։