Քաղաքականություն

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

2 րոպեի ընթերցում

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Սլովենիան ու Հայաստանն ապագայում ակտիվ կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում։

Այս մասին հայտարարել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը՝ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Սլովենիան պատրա՞ստ է կենսաբազմազանության պահպանման ոլորտում իր փորձը փոխանցել Հայաստանին։

«Սլովենիան և Հայաստանը հարուստ կենսաբազմազանություն ունեցող երկրներ են։ Մենք շատ լավ փորձ ունենք ցույց տալու ուրիշներին, թե ինչպես պետք է շրջակա միջավայրի և բնության մասին հոգ տանել։

Այս առումով շատ կարևոր է հավասարակշռված մոտեցում ցուցաբերելը․ մի կողմից պաշտպանել կենսաբազմազանությունը, մյուս կողմից զարգացնել տնտեսությունը՝ առանց էկոհամակարգերին վնաս հասցնելու։ Այս առումով Սլովենիայի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են։ Ապագայում սերտորեն կգործակցենք։

Սլովենիան այն երկիրն է, որն աշխարհում մեղուների համար հատուկ օր է հայտարարել։ Առանց փոշոտողների՝ կենսաբազմազանության ոլորտում ոչ մի առաջընթաց չի լինի։ Այս հարցն օրակարգային այն կետերից մեկն է, որի առնչությամբ Սլովենիան ու Հայաստանը համատեղ կարող են լուրջ դերակատար լինել համաշխարհային հարթակներում»,- ասել է Տոնե Կայզերը։

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը Հայաստան կատարած այցի շրջանակում կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում կայանալիք բարձր մակարդակի նախարարական ժողովին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում