Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Նիդեռլանդների միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացումը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Նա ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Երկրի ղեկավարը կարևոր է համարել Նիդերլանդների դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման և մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում։

Թոմ Բերենդսենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ այս այցի արդյունքներով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ Վերջինս հավելել է, որ Նիդեռլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է շարունակել աջակցությունն այդ գործում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչը նպաստում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, այդ թվում՝ TRIPP և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմանը։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում