Քաղաքականություն

Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումից․ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Նարեկ Կարապետյանին

3 րոպեի ընթերցում

Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումից․ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Նարեկ Կարապետյանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ շատ լավ է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը կախված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս տեսակետը հայտնել է Ազգային ժողովում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական գործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի  քննարկման ժամանակ։  

Աժ խոսնակը հակադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն պնդմանը, թե պետք չէ ԹՐԻՓՓ նախագիծն իրագործել, քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ։

«Մեր ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԹՐԻՓՓ-ը վատ նախագիծ է Հայաստանի համար։ Եթե պնդում եք, որ այս նախագիծը չիրագործենք, որպեսզի ստանանք խաղաղության պայմանագիր, սա նշանակում է՝ մտածում եք, թե ԹՐԻՓՓ-ը վատ ծրագիր է Հայաստանի համար։ ԹՐԻՓՓ-ն ամենևին վատ ծրագիր չէ Հայաստանի համար։ Ասեմ ավելին՝ շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Միաժամանակ, շատ լավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը ևս կախված չէ խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից։

Սա ունի պարզ բացատրություն․ այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված առկա է խնդիր։ Ադրբեջանն անում է պնդում, ինչի հիման վրա այժմ հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը (խմբ. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում ՀՀ անկախության հռչակագրին հղումը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ շեշտելով, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրի միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելու դեպքում)։ Մենք համաձայն չենք այդ պնդման հետ և ասում ենք, որ պատրաստ ենք հիմա ստորագրել։ Այս համատեքստում շատ լավ է, որ խաղաղության մյուս կոմպոնենտները, որոնք արտահայտվում են գետնի վրա, կարող են իրագործվել և կախված չեն պայմանագրի ստորագրումից»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ նախագահը նաև հակադարձել է Նարեկ Կարապետյանի մյուս պնդմանը, թե «Հայաստանը ԹՐԻՓՓ-ով ինչ-որ բան է զիջելու Ադրբեջանին»։ Ռուբինյանը պնդել է՝ ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձության սկզբունքով ապաշրջափակելու են տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում