Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական շահագրգռվածությունը համարել է խաղաղության իրական երաշխիք

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական շահագրգռվածությունը համարել է խաղաղության իրական երաշխիք

Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տնտեսական շահագրգռվածությունը կարող է դառնալ երկու երկրների միջև խաղաղության ամրապնդման իրական երաշխիք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում։

Միրզոյանը հակադարձել է ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին՝ ընդգծելով, որ նախագիծն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական նշանակություն։

Նախարարը նշել է, որ Հայաստանի համար դրա օգուտները ներառում են հյուսիս–հարավ երկաթուղային կապը, Ադրբեջանի հետ առևտրի հնարավորությունը և այդ երկրի տարածքով երրորդ երկրների շուկաներ հասանելիությունը։

«Սրանով Հայաստանը կապում է, երկաթուղու մասով առնվազն, իր հյուսիսը հարավին, կարողանում է առևտուր անել Ադրբեջանի հետ և կապվում է երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով»,- ասել է Միրզոյանը։

Նա որպես օրինակ հիշատակել է Հայաստանի և Չինաստանի միջև բեռնափոխադրումների համար ավելի ուղիղ երթուղի ունենալու հնարավորությունը։ Նախարարը նաև նշել է, որ ԹՐԻՓՓ-ի ներդրումային բեռը հիմնականում կրելու են ամերիկյան գործընկերները։

Անդրադառնալով խաղաղության երաշխիքների մասին հարցադրումներին՝ Միրզոյանը շեշտել է, որ միայն ստորագրված փաստաթղթերը միշտ չէ, որ կանխել են պատերազմները։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է այնպիսի իրավիճակ, որ հաղորդակցությունների բնականոն աշխատանքով շահագրգռված լինեն ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ այլ երկրներ։

«Երաշխիք եք ուզում, իրական երաշխիքը շահն է, որ մենք շահագրգռված լինենք, Ադրբեջանը շահագրգռված լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ շահագրգռվածությունը պետք է տարածվի նաև Արևելք–Արևմուտք հաղորդակցությունից օգտվող մյուս երկրների վրա։

Միրզոյանը հակադարձել է նաև այն մտահոգությանը, որ ԹՐԻՓՓ-ը կարող է գործել Ադրբեջանի համար՝ չապահովելով Հայաստանի շահերը։

«Ո՞նց կարող է Ադրբեջանից Նախիջևան գնացք գնալ և այդ նույն տեղով մեր համար չշարունակել։ Կամ իրենք կանջատեն, կամ մենք, չէ՞, եթե մեկիս շահը խախտվի»,- ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում