Ադրբեջան

Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա

2 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Կարապետյանը կարևորել է նաև տարբեր ուժային կենտրոնների հետ մշտական կապերի հաստատման հնարավորությունը։

«Կարծում ենք՝ Խաղաղության խորհուրդը բավական դրական ազդեցություն կարող է թողնել տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա և նաև, ինչպես նշվեց, կապերի, մշտական կապերի հաստատման՝ տարբեր ուժային կենտրոնների հետ։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք դրա դրական դերը»,- հայտարարել է Կարապետյանը։

Արձագանքելով՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը գնահատել է այդ դիրքորոշումը և հորդորել նույնպիսի վերաբերմունք ցուցաբերել նաև նախորդիվ քննարկված՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի նկատմամբ։

Կարապետյանը պարզաբանել է, որ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իրենց մտահոգությունները կապված են նախագծի գործարկման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հերթականության հետ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացները փոխկապակցելու դեպքում իրենց մատնանշած ռիսկը կվերանա։

Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ Նախիջևանի հետ կապը, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հետաձգվել։

«Կարող է տասը տարի հետո մենք չունենանք խաղաղության պայմանագիր և ունենանք Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ՝ առանց որևէ հայկական այլ տարածաշրջանների ապաշրջափակման»,- նշել է Կարապետյանը։

Միրզոյանը պատասխանել է, որ չի կիսում այդ մտահոգությունը, սակայն այն համարում է քննարկման ենթակա դիրքորոշում։

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել է 2026 թվականի հունվարի 22-ին՝ Դավոսում։ Խորհրդի նպատակն է հակամարտություններից տուժած կամ դրանց սպառնալիքի ներքո գտնվող տարածքներում խթանել կայունությունն ու ապահովել երկարատև խաղաղություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում