Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

3 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության ոլորտի կառավարումը մեկ մարմնում կենտրոնացնելու և գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ փոփոխություններ չեն նախատեսվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը քննարկվել է Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեների անվանումներն ու ենթակայությունը փոխելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում։

Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգում խնդիրներ կան, և հետաքրքրվել՝ նախատեսվո՞ւմ է ոլորտի կառավարման գործառույթների ավելի լայն համախմբում։

Ավետիսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն նաև գյուղատնտեսական հողերի կառավարման, խոշորացման և ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Միաժամանակ նա ներկայացրել է կառավարության մոտեցումը՝ գյուղատնտեսությունը դիտարկել որպես տնտեսական գործունեություն՝ հաշվի առնելով դրա առանձնահատկություններն ու կարիքները։

«Այս մասով փոփոխություններ չեն նախատեսվում»,- ասել է փոխնախարարը։

Լրացուցիչ արձագանքում Կարապետյանը քննադատել է այդ մոտեցումը՝ պնդելով, որ ոլորտի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգող մեկ մարմին։ Նրա գնահատմամբ՝ գյուղացիների եկամուտների անկման պայմաններում ոռոգման և մթերման խնդիրները պետք է դիտարկվեն միասին։

«Ոռոգումը խնդիրներից մեկն է, մթերումը երկրորդ խնդիրն է, ու չկա մեկ մարմին, որը կկարողանա դա համակարգել»,- նշել է պատգամավորը։

Պատասխանելով հարցին՝ Ավետիսյանը նշել է, որ մթերման խնդիրները տնտեսական ոլորտի քաղաքականության շրջանակում լուծման ենթակա հարցեր են։ Նրա խոսքով՝ հողային և ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առաջարկվող փոփոխությունն իր հերթին կնպաստի գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության իրականացմանը։

Փոխնախարարն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից են ինտենսիվ և բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը, իսկ հողի և ջրի միասնական կառավարումը հնարավորություն կտա առաջ շարժվել այդ ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում