Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական քաղաքականության իրականացման գործընթացներում։
«Արմենպրես»-ի-հաղորդմամբ՝ այս մասին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում՝ կապույտ գոտում կայացած գենդերային ֆորումի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գենդերային հավասարությունը դիտարկում է որպես մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության և կայուն զարգացման հիմնարար սկզբունք։
Թորոսյանը նշեց, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին հաստատված՝ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որը ներառում է վեց հիմնական գերակայություն՝ ուղղված կառավարման և որոշումների կայացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության ապահովմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խթանմանը, կրթության և առողջապահության ոլորտներում հավասար հնարավորությունների ընդլայնմանը, գենդերային բռնության և խտրականության կանխարգելմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտում գենդերազգայուն քաղաքականությունների զարգացմանը։
«Ռազմավարության 2025 թվականի կատարողականը գնահատվել է շուրջ 90 տոկոս, ինչը վկայում է սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ իրականացվող համալիր և արդյունավետ աշխատանքի մասին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ռազմավարության վեցերորդ գերակայությունը համահունչ է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 2023-2030 թվականների գենդերային գործողությունների ծրագրին, որը կարևորում է բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում կանանց լիարժեք, հավասար և արդյունավետ մասնակցությունը, նրանց իրավունքների պաշտպանությունն ու որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածությունը։
Թորոսյանը իր խոսքում նշեց նաև, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում ն գենդերային հավասարության ազգային մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ գործող Կանանց հարցերով խորհուրդը, որը հարթակ է գենդերային հավասարությանն ուղղված քաղաքականությունների, ինչպես նաև կանանց նկատմամբ խտրականության և բռնության կանխարգելման ծրագրերի գնահատման և մշտադիտարկման համար։
Նախարարի խոսքով՝ բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել կանանց և տղամարդկանց տարբեր կարիքները, հնարավորություններն ու դերակատարումը՝ ապահովելով հավասար մասնակցություն և որոշումների կայացման հնարավորություններ։
«Առաջիկա տարիների մեր ընդհանուր առաջնահերթություններից պետք է լինեն բնապահպանական որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ընդլայնումը, նրանց առաջնորդության խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստակամություն ունի շարունակելու աշխատանքները գենդերային հավասարության և բնապահպանական կայունության համադրման ուղղությամբ։