COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը
2 րոպեի ընթերցում

Հայաստանը Երևանում անցկացվող COP17 համաժողովի շրջանակում ներկայացրել է իր նախագահության ևս մեկ նախաձեռնություն՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Նախաձեռնության ներկայացմանը հանդես եմ եկել բացման խոսքով՝ ընդգծելով, որ բնության պահպանությանն ուղղված արդյունավետ որոշումների հիմքում պետք է լինեն հուսալի տվյալներն ու առաջընթացը գնահատելու կարողությունները։
Մեր նպատակն է աջակցել երկրներին՝ ամրապնդելու մոնիթորինգի ազգային համակարգերը, լրացնելու տվյալների բացերը և կիրառելու նորարարական տեխնոլոգիաներ՝ արբանյակային դիտարկումներից մինչև արհեստական բանականություն։
Նախաձեռնությունը մշակվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համակարգմամբ և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ու Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ առաջնորդությամբ։
Գործընկերներին կոչ եմ արել միանալ նախաձեռնությանը՝ մասնագիտական փորձն ու տեխնոլոգիական հնարավորությունները ծառայեցնելով երկրների կարիքներին։ Այս համագործակցությունը պետք է շարունակվի նաև COP17-ից հետո՝ նպաստելով բնության պահպանությանն ուղղված չափելի արդյունքների ապահովմանը»,- գրել է Մաթևոսյանը։