Քաղաքականություն

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

3 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների համատեքստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:  

«Ներմուծումների սահմանափակումները, որոնք Ռուսաստանն է առաջ բերել,  դժվարություններ են ստեղծում բիզնեսների համար, նաև ծաղկաբուծության ոլորտում, և մենք մեծապես ողջունում ենք ԵՄ ինքնավար առևտրային գործիքակազմից օգտվելու այս հնարավորությունները Հայաստանի համար: Հուսանք, որ Հայաստանը լիովին կօգտվի այս հնարավորությունից: Նիդեռլանդները նաև ուզում է երկկողմանի աջակցություն տրամադրել ծաղկեգործներին՝ գտնելու Ռուսաստանից բացի նաև այլ շուկաներ իրենց արտադրանքի համար»,- ասաց Բերենդսենը:

Սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության էր արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

ԵՄ այս կարգավորմամբ կազատականացվեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դարձել է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում