Հայաստան

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գլխավոր տնօրեն Գրեթել Ագիլարի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Քննարկել ենք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորման իններորդ շրջափուլի՝ GEF-9-ի շրջանակում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունները՝ Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան ֆինանսավորում ներգրավելու նպատակով։

Անդրադարձել ենք նաև Երևանում IUCN-ի գրասենյակ հիմնելու հնարավորությանը և այդ ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական քայլերին։ Կառույցի երկարաժամկետ ներկայությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում և տարածաշրջանում բնապահպանական ծրագրերի իրականացման, մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային աջակցության ներգրավման համար։

Ներկայացրել եմ Հայաստանում IUCN-ի Բնության պահպանության համաշխարհային կոնգրեսը հյուրընկալելու մեր հետաքրքրությունը։ Այս համատեքստում անդրադարձել ենք ընդունող երկրին ներկայացվող պահանջների և Հայաստանի հնարավոր թեկնածության ուսումնասիրմանը։

Մեր նպատակն է COP17-ի շրջանակում զարգացող համագործակցությունը վերածել տևական գործընկերության՝ Հայաստանի բնության պահպանության համար ապահովելով գործնական արդյունքներ»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում