ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը
2 րոպեի ընթերցում

COP17-ի պաշտոնական աշխատանքների մեկնարկով անհրաժեշտ է քաղաքական հայտարարությունները վերածել համաձայնեցված որոշումների և գործողությունների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը հայտնել է, որ ընտրվել է COP17-ի նախագահ՝ նշելով, որ դա պատասխանատվություն է թե՛ անձամբ իր, թե՛ Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ առաջիկա երկու տարվա ընթացքում հայկական կողմն աշխատելու է ցուցաբերված վստահությունը հավաքական աշխատանքի և շոշափելի արդյունքների վերածելու ուղղությամբ։
Մաթևոսյանը կարևորել է Առաջնորդների գագաթնաժողովն ու Երևանի հռչակագրի ընդունումը։ Նա նշել է, որ նախորդ օրվա բացման արարողությունը ևս ընդգծել է մասնակիցներին միավորող սկզբունքը՝ բնության պաշտպանությունը որպես համատեղ պատասխանատվություն։
«Այսօր համաժողովի պաշտոնական ընթացքը մեկնարկել է։ Մեր խնդիրն է քաղաքական հայտարարությունները վերածել համաձայնեցված որոշումների և գործողությունների»,– ընդգծել է COP17-ի նախագահը։
Նրա խոսքով՝ համաժողովի օրակարգի առանցքը հավաքական առաջընթացն է՝ Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կատարման ուղղությամբ։
«Պետք է ունենանք ընդհանուր ընկալումներ, թե որտեղ են բացերը, որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսներ ուղղել, որպեսզի 2030 թվականի համար սահմանված թիրախները ձեռք բերվեն»,– նշել է Մաթևոսյանը։
Նա շեշտել է, որ որպես համաժողովի նախագահ՝ աշխատելու է բաց, թափանցիկ և ներառական երկխոսություն ապահովելու համար՝ հիմնված կողմերի փոխադարձ հարգանքի և ընդհանուր լուծումների հասնելու պատրաստակամության վրա։ Մաթևոսյանը վերահաստատել է հանուն բնության գործելու հանձնառությունը։
Ելույթի ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել Աստրիդ Շոմեյքերին և Կոնվենցիայի քարտուղարության թիմին՝ համաժողովի նախապատրաստման ընթացքում համագործակցության համար։