1 րոպեի ընթերցում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի և Սևքարի տեղամասերի էկոպարեկները Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում նկատել են հրդեհի բռնկում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հայտնում են, որ հրդեհը տարածվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքներին հարակից հատվածում։
«Մարզային վարչության Նոյեմբերյանի և Սևքարի տեղամասերի էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել կրակի տարածումը կանխելու և այն մարելու աշխատանքներին՝ թույլ չտալով, որ հրդեհը ներթափանցի անտառային տարածքներ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, և այսօր՝ նոյեմբերի 28-ին, առավոտյան ժամը 08:00-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 2.5-3 հեկտար չոր խոտածածկ տարածք, ինչպես նաև տարածքում գտնվող չոր խոտի դեզերը»,-նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։