Հայաստան

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող և համայնքային մասնագետ հաջողությամբ ավարտել է «Երիտասարդական աշխատողների վերապատրաստման» ծրագիրը։ Ծրագիրը մշակվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

«Արմենպրես»-ի թղթակցին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ից տեղեկացրին, որ վերապատրաստման ազգային ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը, մասնագիտական մակարդակն ու արդյունավետությունը Հայաստանի ողջ տարածքում։

2026 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված ծրագրին մասնակցել են երիտասարդական կենտրոնների և տարածքների, երիտասարդական քաղաքականության իրականացման համար պատասխանատու տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները զարգացրել են մասնագիտական և անձնային կարողությունները՝ նպատակ ունենալով խթանել որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանքը ազգային և տեղական մակարդակներում։

Երեք փուլով իրականացված վերապատրաստումը ներառել է տեսական ուսուցում, գործնական առաջադրանքներ և դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում ինքնուրույն աշխատանք։ Մասնակիցներն ուսումնական այցեր են կատարել Արթիկի և Ախուրյանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև Սառնաղբյուրի և Անի համայնքի երիտասարդական տարածքներ՝ ծանոթանալով երիտասարդական աշխատանքի արդյունավետ մոդելներին և ձեռք բերելով գործնական փորձ։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցներն ու դասընթացավարները ներկայացրել են վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, կիսվել փորձով և անդրադարձել ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքներին։

Միջոցառման ավարտին 50 մասնակից ստացել է վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական։

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում