Մարզեր

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական աջակցության ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական աջակցության ծրագիրը

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել բնակիչների կարիքների գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ։ Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի՝ 2025 թվականին հաստատած ուղեցույցի հիման վրա և ներկայացվել հանրային քննարկման։

Սոցիալական աջակցության ոլորտում օրենսդրական փոփոխությունների արդյունքում համայնքներն այլևս չեն կարող դրամական աջակցություն տրամադրել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մշակվել են աջակցության նոր մոտեցումներ, որոնք հիմնված են բնակիչների կարիքների գնահատման վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից, ծրագրի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, իսկ սոցիալական կարիքների գնահատման մասնագիտական աշխատանքը վստահվել է անկախ փորձագետ Հայկ Մկրտչյանին։ Երկու ամիս տևած հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ռազմավարական փաստաթղթեր, քանակական տվյալներ, ինչպես նաև տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչների հետ անցկացված քննարկումների արդյունքները։ Արդյունքում առանձնացվել է 12 առաջնահերթություն։

Գյումրեցիների համար առավել հրատապ խնդիրներից մեկը բնակարանային ապահովումն է, մասնավորապես՝ բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցումը։

Անկախ փորձագետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ կացարանի ապահովման խնդիրը լուրջ է ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության մյուս համայնքներում։ Առաջարկությունների փաթեթում ներառվել են բնակարանային պայմանների բարելավման և բնակվարձի փոխհատուցման տարբերակներ։ Միաժամանակ, փորձագետի գնահատմամբ, առկա ֆինանսական միջոցները բավարար չեն լինելու բոլոր շահառուների կարիքները հոգալու համար։

Նախատեսվում է առաջիկա երեք տարիներին տարեկան 50 շահառուի փոխհատուցել բնակվարձի և կոմունալ ծառայությունների ծախսերը։ Այդ նպատակով յուրաքանչյուր տարի կհատկացվի 4 միլիոն դրամ։

Ծրագրի առաջնահերթ ուղղություններից է նաև զբաղվածության խթանումը։ Տնտեսական ակտիվացմանն ուղղված միջոցառումները հիմնականում կկենտրոնանան աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև աշխատատեղերի հարմարեցման վրա։

Ծրագրով նախատեսվում են նաև բնաիրային աջակցություն, բուժման նպատակով տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցում, տնային խնամքի ծառայությունների մատուցում և սոցիալական ծառայությունների համակարգում։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Գյումրիում գործող սոցիալական ծառայությունները հաճախ փոխկապակցված չեն։ Դրա հետևանքով որոշ ընտանիքներ աջակցություն են ստանում մի քանի աղբյուրից, մինչդեռ մյուսները դուրս են մնում սոցիալական ծառայությունների ուշադրությունից։ Նոր ծրագրի նպատակն է ձևավորել բնակչության իրական կարիքների վրա հիմնված, համակարգված և հասանելի սոցիալական աջակցության ցանց։

Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանի խոսքով՝ 2027 թվականի համայնքային բյուջեում սոցիալական ուղղությամբ հատկացումներն արդեն ավելացվել են։ Ծրագիրը բաց է նաև միջազգային դոնոր կազմակերպությունների և ներդրողների մասնակցության համար։

Հանրային քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա ծրագրի նախագիծը կլրամշակվի և կներկայացվի Գյումրիի ավագանու հաստատմանը։ Հաջորդիվ կմշակվեն սոցիալական աջակցության տրամադրման մանրամասն ընթացակարգերը, որոնք նույնպես կներկայացվեն ավագանու քննարկմանը։

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքացիները դեռ կարող են Գյումրիի 2027-2029 թվականների սոցիալական ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել համայնքապետարան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում