Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը
11 րոպեի ընթերցում

Ջոջ կող բարձունքը մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվում է Գեղհովիտի արևելյան կողմում։ Համանուն մի բարձունք էլ տարածվում է Մարտունի քաղաքի արևելյան ու Վաղաշեն գյուղի հարավային կողմում։ Ջոջ կող անունը տեղի բնակիչների կողմից տրվել է այս լեռների մեծության, բարձրության ու ձգվածության պատճառով։

Ընդհանուր առմամբ, այս երկու Ջոջ կող լեռները գտնվում են նույն՝ Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային փեշին։ Ու, որքան էլ հետաքրքիր ու զարմանալի է, երկուսի կատարներին էլ տարածվում են կիկլոպյան մի քանի ամրոցների ավերակները։ Վաղաշենի հարավային ու Մարտունու արևելյան կողմի Ջոջ կողի վրա գտնվում են Ալոյի կող ու Քրդի կող կոչված ամրոցները, լեռան հարավային ստորոտում՝ Զորով լի Աստվածածնի կիկլոպյան ամրոցը, Գեղհովիտի Ջոջ կողի վրա՝ Ջոջ կող ու Հերի բերդ ամրոցները։

Ընդ որում, Գեղհովիտի Ջոջ կողից մինչ Վաղաշենի ու Մարտունու Ջոջ կող ընկած ողջ տարածքը կարելի է դիտարկել մի ամբողջության շղթայի մեջ, քանի որ այն տարածվում է մոտ 500 հեկտարի վրա, որը Գեղամա լեռնավահանի ստորոտից ու Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային հատվածներից բաժանվում է ձորերով կամ իջվածքներով։
Թեև դժվար է ասել, թե իրարից տարբեր ինչ ժամանակահատվածներում են կառուցվել այս բերդերը, սակայն մի բան հստակ է, որ դրանք եղել են ողջ տարածքը հսկող ու պաշտպանող ռազմաստրատեգիական նշանակության կառույցներ, որոնք խաղաղ ժամանակներում տեղի բնակչության համար հանդիսացել են նաև մշտական կեցավայրեր։
Այս ամրոցների գոտևորող շղթայի մեջ է մտնում նաև Մարտունի քաղաքի հարավային բլրի վրա բարձրացող Աղըլներ ամրոցը։ Ու բոլոր դեպքերում մենք գործ ունենք շինարարական նույն տեխնիկայի, կառուցվածքի, ժամանակագրության, տարածքների վաղ բնակեցման փաստական ապացույցների հետ՝ հնագույն դամբարանների ու կացարանների ավերակների, ջրանցքների ու ջրամբարների հետքերի առկայությամբ։ Առավել հետաքրքիր է այն, որ այս բերդերը ժամանակին սնուցող ջրանցքը, որը սկիզբ է առնում Մարտունի գետի ակունքներից ու լեռան հյուսիսային փեշով ձգվում 20-ից ավելի կիլոմետր երկարությամբ, գործում է մինչ օրս՝ ջուր մատակարարելով Մարտունի քաղաքի ու Վաղաշեն գյուղի տնտեսություններին, նաև՝ նշված սարահարթում գտնվող վարելահողեր ու արոտներ։
Գեղհովիտի Ջոջ կողի ամրոցը գտնվում է համանուն բարձունքի հարավ-արևելյան լանջին, որի հարավարևելյան պարիսպը եղել է ընդհանուր նշված սահմանապահ պարիսպի հետ միասին։

Այն տարածվում է Ալբերդ ամրոցի արևելյան կողմում, Թուխ Մանուկ մատուռի կողքի բարձունքին, ծովի մակարդակից մոտ 2800 մետր բարձրության վրա։ Ամրոցն իր դիրքով իշխում է շրջապատի վրա։ Այնտեղից, ինչպես ափիդ մեջ, երևում են Սևանա լիճը ու նրան շրջապատող հյուսիսակողմյան լեռնաշղթան, Վայոց ձորից Սևանա լճի ավազան մտնող ճանապարհը, Արգիճիի սարահարթն ու գետը, Գեղամա լեռնավահանն՝ իր բարձրաբերձ կատարներով, Վարդենիսի լեռնավահանի մի հատվածը, Դաշտադեմի կամ Մթնաձորի ամրոցը, Ակնախաչ լեռան կատարին թառած Սարի Սուրբ մատուռը։
Ջոջ կող ամրոցի մասին առաջին ու առայժմ միակ ուսումնասիրությունը կատարել է անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը՝ իր «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքում։

«Ջոջ կողի ամրոցը զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, որից միջնաբերդը՝ 1/4 հեկտար։ Պարիսպների և աշտարակների կառուցումը հիշեցնում է Դաշտաձորի ամրոցի կառուցման տեխնիկան։ Ամրոցը երկարաձգված պայտի ձև ունի, որի առավել բարձր մասը կիսաշրջանաձև գրավում է միջնաբերդը, իր արևելյան պարսպում ունենալով տարբեր մեծության հինգ քարաբուրգ, որոնք միմյանցից համարյա հավասար հեռավորության վրա են (20-25 մետր) դասավորված։ Մի աշտարակ կանգնած է ընդհանուր պարսպի և ամրոցի հյուսիսային պարսպի անկյունում։ Ամրոցի մուտքը եղել է հյուսիսարևելյան անկյունում, իսկ միջնաբերդը՝ հարավային մասում։ Ամրոցը, միջնաբերդը և նրանց շրջապատը ծածկված են կացարանների մնացորդներով։
Ամրոցից դուրս երևում են բոլորաձև դամբարաններ։ Այստեղ հետաքրքիր է լուծված ամրոցը ջրով մատակարարելու հարցը։ Մոտակայքում ջուր չկա, այն գտնվում է Ջոջ կողի բարձրության արևմտյան ստորոտում, և որպեսզի ամրոցի բնակիչները բոլոր դեպքերում կարողանային ջուր վերցնել գետից, նրանք սահմանապահ պարիսպը շարունակել են Ջոջ կողի հյուսիսարևմտյան լանջով և իջել մինչև գետը։ Այսպիսով, պարսպի հետևում թաքնվելով, նրանք անվտանգ կարող էին ջուր վերցնել գետից»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։
Ջոջ կող ամրոցն արևմտյան կողմից նստած է գլխապտույտ առաջացնող թեքության վրա, որը իջնում է մինչև Մարտունի գետի ափ՝ Գեղհովիտի գյուղամեջ։ Հարավային կողմից էլ այն նստած է քարքարոտ զառիթափի վրա։ Այնպես որ, այս երկու կողմերից ամրոցի անառիկությունն ապահովված է եղել բնական դիրքի շնորհիվ։ Իսկ ահա հյուսիսից ու արևելքից ամրոցը նստած է սարահարթի վրա՝ այս անգամ արդեն իր պաշտպանությունն ապավինելով տարածքը գոտևորող ու վերը թվարկված բերդ-ամրոցների առկայությանը։

Սա ապացուցվում է նրանով, որ Ջոջ կողի հարավարևելյան կողմից 5 կիլոմետր երկարության մի պարիսպ է ձգվում դեպի արևելք ու ավարտվում Մարտունի քաղաքի վարչական տարածքում գտնվող Հերի բերդ ամրոցի մոտ։ Այս պարիսպը հաշվառված է Հուշարձանների պահպանության պետական ցանկում, Գեղհովիտ գյուղի պատմամշակութային հուշարձանների շարքում։
Առհասարակ, թվարկված 6 բերդ-ամրոցների միջակայքերում ընկած սարահարթը գրեթե անծանոթ է մնում հնագիտությանը, եթե չհաշվենք Գեդեոն Միքայելյանի ուսումնասիրությունները, որոնց արդյունքում ընդամենը հաստատվել են այդ ամրոցների և նրանց շրջակայքում տարածվող բնակավայրերի ու դամբարանադաշտերի առկայությունը։
Իսկ իրականում Մարտունի քաղաքի հարավային մասով, մինչ Հերի բերդ ու Ջոջ կող ամրոցներ ընկած ընդարձակ տարածության մեջ դամբարանների, հին շինությունների, ջրանցքների ու ջրամբարների հետքեր են նկատվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, այդ թվում՝ նաև վերը թվարկված բոլոր բերդ-ամրոցները, որոնք գուցե ժամանակին եղել են ոչ թե տարբեր բնակավայրերի տիրույթներ ու շինություններ, այլ մի տոհմի կամ ցեղի տիրապետության ամբողջական տարածք՝ զատված այլ տոհմերի տիրապետության տարածքներից։

Գեդեոն Միքայելյանը Ջոջ կող ամրոցի ջրի ապահովվածության խնդիրը կապել է ամրոցի բարձունքից իջնող պարսպապաշտպան արահետով Մարտունի գետից ջուր վերցնելու հանգամանքի հետ՝ անտեսելով, գուցե և տեղյակ չլինելով նույն ամրոցից մի քանի կիլոմետր հեռվում գտնվող ջրամբարների ու ջրանցքի առկայությունը, որոնք գործել են ամռանն ու աշնանը։ Իհարկե,անառարկելի է, որ գետից ջուր վերցնելը տեղի բնակիչների համար եղել է ամենամոտիկ կետը, որ նրանք շատ հաճախ են հարյուրավոր մետրեր իջնող կամ բարձրացող զառիթափով ջուր կրել, ինչը կապված է մեծ դժվարությունների հետ, թեկուզ այդ դեպքում մարդիկ կարող էին օգտագործել նաև բեռնակիր կենդանիներ։ Բայց որ ամրոցի արևելյան կողմի ջրանցքի ու ջրամբարների առկայությունը չափազանց դյուրացրել է բնակչության ընդհանուր ջրամատակարարման խնդիրը, դրանում պետք չէ կասկածել։

Մարտունի գետի ակունքներից սկիզբ առնող Հեսրի կամ Գերիների առուն, որը գլխապտույտ առաջացնող լեռան փեշով հոսել է մինչև Հերի Բերդ ամրոցի մոտակայքում գտնվող արհեստական ջրամբար ու այնտեղից իջել դեպի Ալոյի կող, Քրդի կող, Զորով լի Աստվածածնի կիկլոպյան ամրոցներ, Մարտունու Աղըլներ ամրոց, նաև Գեղհովիտի Ջոջ կող ամրոցին է ջուր մատակարարելու հնարավորություն ունեցել։ Դրանում համոզվելու համար գարնան կամ ամռան ամիսներին, երբ լեռներն ազատվում են ձյան շերտից, հարկավոր է ընդամենը բարձրանալ Ջոջ կողի կամ Հերի Բերդի բարձունքներ ու սեփական աչքերով տեսնել թե՛ արհեստական գլխավոր ջրամբարն ու նրա արևմտյան կողմի մի քանի փոքր ջրամբարները, թե՛ Հեսրի առու ջրանցքը, որը քչքչալով շարունակում է հազարամյակների իր երթը՝ հագեցնելով մինչև Մարտունի ու Վաղաշեն բնակավայրերի տնտեսությունների ցանքերի ծարավը։ Այդ ջրանցքն ու ջրամբարներն իրենց դիրքով շատ ավելի բարձր են գտնվում Ջոջ կող ամրոցից ու իրենց ջրառատությամբ, դյուրին, սրընթաց հոսքով բավարարել են թե՛ Ջոջ կողի, թե՛ տարածքի մյուս 5 բերդերի բնակիչների կարիքները։ Ջոջ կողի արևելքում տարածվող ողջ սարահարթը անասնապահության ու հողագործության համար չափազանց կարևոր շտեմարան է եղել հազարամյակներ ի վեր, երբ մարդը իր փուխր ձեռքերի մեջ հզոր միտք ու ուժ է դրել՝ ապառաժները ճեղքելու և անդնդախոր ձորերից կենարար ջուրը լեռնային բարձունքներ հասցնելու համար։

Գլխավոր ջրամբարից մի քանի կիլոմետր այն կողմ, Ակնախաչ լեռան վրա, ծովի մակարդակից 3299 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր պատմական հուշարձանը՝ Սարի Սուրբ մատուռը, որը բարձրացել է հեթանոսական դամբարանի ու հին մատուռի ավերակների կողքին՝ իր մեջ ներառելով նաև 14-15-րդ դարերի գեղաքանդակ խաչքար։ Ասել է, թե այս տարածքները բնակեցված են եղել ինչպես հեռավոր հնադարում, այնպես էլ՝ միջնադարում, նոր ու նորագույն ժամանակներում։ Ջրանցքի, ջրամբարների, ամրոցների տարածքներում ոչ միայն վաղբրոզեդարյան դամբարանների շարվածքներ են նկատվում, այլ նաև՝ մարդկային գանգեր, ինչը փաստում է, որ այստեղ մարդիկ միշտ ապրել ու արարել են, պայքարել ու դիմադարձ կանգնել թե՛ բնության արհավիրքներին ու դժվարություններին, թե՛ աշխարհի տարբեր ծեգերից ավարառության ու նվաճումների եկած բանակներին։