Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա
2 րոպեի ընթերցում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին է նվիրաբերել լեհական արտադրության հացահատիկամաքրիչ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նվիրատվությունն ընդունելու, առաջիկա համագործակցային ծրագրերը քննարկելու նպատակով Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի բաժնի ներկայացուցիչներ Նարինե Քոչարյանին և Քրիստինե Բեգլարյանին։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ իրենց կատարած արդյունավետ աշխատանքի և Վարդենիս համայնքին ցուցաբերած գյուղատնտեսական նշանակության շարունակական աջակցությունների համար:
«Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին է նվիրաբերել գյուղատնտեսական նշանակության երկու ժամանակակից սարքավորում.
Լեհական աերոդինամիկ և պտտվող թմբուկով հացահատիկամաքրիչներ։
Այս սարքավորումները համայնքի բնակիչներին հնարավորություն կտան՝ ստանալ անհրաժեշտ մաքրության հացահատիկային մշակաբույսեր՝ նպաստելով գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Վարդենիսի համայնքապետարանը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան