Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 4 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, Ծովինարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 187 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ծովինարի 4 փողոցների ասֆալտապատում, 2060 գծամետր ընդհանուր երկարությամբ և շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով։ Որոշ տեղերում տեղադրվում է ջրահեռացման համակարգ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի սեպտեմբեր ամսին և նոյեմբերի 19-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։
«2 փողոցներում դրանք ավարտված են, մնացած երկուսում գտնվում են ընթացքի մեջ։ Ամենայն հավանականությամբ, կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ, ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն 2027 թվականի գարնանը»,-ներկայացրեց Արթուր Կարապետյանը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։
Խոսրով Խլղաթյան