Մարզեր

Շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում՝ Գյումրիում թափոնների կառավարման և վերամշակման ծրագրի իրականացման համար

2 րոպեի ընթերցում

Շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում՝ Գյումրիում թափոնների կառավարման և վերամշակման ծրագրի իրականացման համար

«Արմ գրին վորլդ Գ» ՍՊԸ-ն Գյումրիի համայնքապետարանին ներկայացրել է թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ներդրումային առաջարկ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյումրիի համայնքապետարանից, ծրագիրը նախատեսվում է իրականացնել քաղաքի Բուլվարային թաղամասի և գործող աղբավայրի միջև ընկած հատվածում։

Ընկերությունն առաջարկում է Գյումրիում իրականացնել շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում։ Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել իրանական գործընկեր կազմակերպության հետ համատեղ, որն աղբի տեսակավորման գործարանների շահագործման փորձ ունի Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան և Քիշ քաղաքներում։

Համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման դեպքում Գյումրին այլևս աղբավայր չի ունենա։ Մասնագետների առաջարկով նախատեսվում է գործող աղբավայրի կոնսերվացում: Ներդրումային առաջարկով նախատեսվում է աղբամաններից թափոնները տեղափոխել նոր գործարան, որտեղ դրանք կտեսակավորվեն։ Երկրորդային վերամշակման ենթակա նյութերը կարտահանվեն, իսկ վերամշակման ենթակա օրգանական թափոնները, համապատասխան մշակումից և վնասակար արտանետումներից զերծ պահելուց հետո, կվերածվեն հումուսի՝ համայնքապատկան ծաղկանոցների և կանաչ տարածքների օգտագործման համար։ Ընկերությունը համայնքապետարանից ակնկալում է միայն աղբամաններից թափոնների տեղափոխման կազմակերպումը դեպի գործարան՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար այլ ծախսեր համայնքից չի ակնկալում։

Ծրագիրը նախնական համաձայնություն է ստացել ավագանու ձայների մեծամասնությամբ։ Մինչ ծրագրի վերջնական հաստատումը՝ համայնքապետարանը կկազմակերպի հանրային լսումներ, որից հետո ներդրումային առաջարկը կքննարկվի և վերջնական հաստատման կներկայացվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում