Հայաստանը փորձելու է խորացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ
7 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրների լուծման ամենաարդյունավետ ձևն Ադրբեջանի հետ համագործակցությունն է համարում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդպիսի կարծիք է հայտնել «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։
«Անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրները մեր ժամանակակից կյանքի ամենացավոտ հարցերից են։ Իհարկե, այս թեմայի մեջ բանալի բառը անհայտն է, որովհետև խնդիրները հենց բարդանում են նրանով, որ թեմային առնչվող բազմաթիվ հանգամանքներ անհայտ են, և մենք, ըստ էության, ունենք խնդիր բազմաթիվ անհայտներով խնդիր լուծելու։ Սրանում է խնդիրը, և երբեմն, երբ քննարկումներ ենք ունենում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ, և նրանք հասկանալի հարց են առաջադրում, որ ուզում են ստանալ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, ամենաբարդ իրավիճակը դա է, որ հարցերի պատասխաններ պարզապես չկան, և խնդիրն այդ հարցերի պատասխանները գտնելն է։
Իհարկե, ինչու ենք և ինչպես ենք մենք հասել այդ ձևաչափով քննարկումներին, որովհետև ակնհայտ է, որ հատկապես գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանման հարցերում հնարավոր չէ առանց միջազգային աջակցության, որովհետև բազմաթիվ հարցերի պոտենցիալ պատասխաններ ակնհայտորեն գտնվում են Հայաստանի տարածքից և նույնիսկ Հայաստանի կառավարության լիազորություններից դուրս։
Եվ, իհարկե, այստեղ առանց միջազգային համագործակցության, նաև առանց միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրության և միջազգային կյանքում կիրառված հաջողված փորձերի որդեգրման հնարավոր չի լինի այս խնդրի լուծումը։
Հայաստանն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհայտ կորած անձանց խնդրի հետ։ Նրանց 777-ը անհայտ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից։ Իհարկե, նաև մեր մյուս հայրենակիցները, որոնք անհայտ կորած են համարվում 2020 թվականի իրադարձությունների հետևանքով և դրանից հետո։ Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Եվ պիտի արձանագրեմ, որ նաև Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ ամենակարևոր բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լուրջ անվստահություն։ «Կա անվստահություն անհայտ կորած անձանց հարազատների կողմից Կառավարության նկատմամբ, որովհետև անհայտ բառը հենց բերում է շատ վարկածների համար մեծ հնարավորություն և տարածք, որովհետև մարդիկ կասկածում են, որ Կառավարությունը ինչ-որ բան գիտի և չի ասում, ինչ-որ տեղեկություն գիտի և չի կիսում, և այս իրավիճակն ամենադժվար կառավարող իրավիճակներից մեկն է։
Ես անձամբ տասնյակ հանդիպումներ եմ ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ, ինձ օրինակ, շատ դժվար է համոզել մեր հարգելի քաղաքացիներին, որ, օրինակ, այդքան լայն միջազգային շփումների արդյունքում ամենաբարձր և բարձրագույն մակարդակով հարցերը բարձրացնելու արդյունքում ես չունեմ այնպիսի տեղեկատվություն, որ գաղտնի եմ պահում և չեմ կիսում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ։
Հաջորդ անվստահությունը, իհարկե, կա հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նույն իրավիճակն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանը կարծում է, որ մենք ունենք տեղեկություններ, որ չենք կիսում իրենց հետ, մենք էլ, բնականաբար, կարծում ենք, որ իրենք ունեն տեղեկություններ, որ չեն կիսում մեզ հետ։ Եվ ահա այս անորոշության պայմաններում մենք պետք է լուծենք շատ կարևոր հումանիտար, քաղաքական, սոցիալ-հոգեբանական, բարոյական խնդիր։ Իհարկե, այս համաժողովը նաև այն մասին է, որ մենք առերեսվում ենք այս փաստի հետ, և նաև ստանձնում ենք պատասխանատվությունը, որ, այո, դա առաջին հերթին Հայաստանի կառավարության, պետական մարմինների պատասխանատվությունն է՝ առերեսվել խնդրին և գտնել պատասխաններն այն հարցերի, որոնք անհայտ կորած անձանց մեր հարգելի հարազատների կողմից բարձրացվում են։
Իհարկե, կան միջազգային կազմակերպություններ, որոնք այս գործընթացում ունեն ահռելի փորձառություն։ Խոսքը, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և մեր մյուս գործընկերների մասին է, որոնք ունեն համապատասխան փորձառություն, և հույս ունեմ, որ այս համաժողովը, այս քննարկումները հնարավորություն կտան, որ այս թեմաների շուրջ առավել ինստիտուցիոնալ և արդյունավետ համագործակցություն ձևավորվի պետական կառույցների և միջազգային մարմինների միջև։ Կառավարությունը կաջակցի անհայտ կորած անձանց հարազատներին, որպեսզի նրանք էլ առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ ունենան միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք կարող են տալ որոշակի խորհուրդներ, որոնք ունեն փորձ, որոնք կարող են առաջարկել բանաձևեր, թե ինչպես գտնենք այն հարցերի պատասխանները, որոնք չափազանց կարևոր են, բայց որոնք պարփակված են բազմաթիվ անհայտների մեջ»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կրկին իր զորակցության և ըմբռնման խոսքերն է արտահայտել անհայտ կորած անձանց բոլոր հարազատներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը, պետական իշխանության մարմինները երբեք չեն դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանը գտնելու ուղղությամբ։
«Մենք շարունակելու ենք այս աշխատանքը։ Իհարկե, փորձելու ենք խորացնել այս հարցով համագործակցությունն Ադրբեջանի հետ, որովհետև տրամաբանորեն մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ օբյեկտիվորեն Ադրբեջանում են, թե կոնկրետ որտեղ՝ դա արդեն հետագա քննարկման և պարզաբանման առարկա է։ Իհարկե, նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ օբյեկտիվորեն պետք է որ գտնվեն Հայաստանում, թե կոնկրետ որտեղ, որ հասցեում, ում մոտ, դա արդեն հետագա պարզաբանման խնդիր է։ Մենք մեր կողմից հայտնել և հայտնում ենք պատրաստակամությունն աշխատել այդ հարցերի պարզաբանման ուղղությամբ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների հետ»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։