Խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրության շուրջ քննարկումների առանցքում դնում է Անկախության հռչակագրին հղումը
6 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ ծավալվող գործընթացին՝ ներկայացնելով դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց հիմնական մտահոգությունը վերաբերում է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղման պահպանմանը։
Կարապետյանը շեշտել է, որ դա իրենց համար քաղաքական բովանդակության առանցքային հարց է։
«Բովանդակության գլխավոր հարցը հենց հղումն է Անկախության հռչակագրին։ Այնտեղ գրված է մեր երկրի անունը, գրված է՝ մեր երկրի տերն ով է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, գրված է՝ հողի տերն ով է, պաշարների տերն ով է։ Գրված է՝ ինչ ծրագրեր ունենք մենք ապագայի մասին, գրված են մեր անցյալի մասին կարևոր բաներ․ ամբողջ հիմքն Անկախության հռչակագրում կա»,- ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ Անկախության հռչակագրի նշանակության վերաբերյալ իրենց դիրքորոշումն էլ հենց բովանդակային քննարկման մաս է։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն աջակցելու առաջարկին՝ Կարապետյանն ընդգծել է, որ խորհրդարանը պետք է գնահատի նաև հանրաքվեի անցկացման նպատակահարմարությունը։
«Ինչո՞ւ է այդ հարցը գալիս Ազգային ժողով․ գալիս է Ազգային ժողով, որպեսզի ընդդիմությունը և իշխանությունը քննարկեն դրա նպատակահարմարությունը՝ գնա՞ այդ հարցը հանրաքվեի, թե՞ ոչ։ Այդ ինստիտուտը, որ դրված է, որ Ազգային ժողովը պետք է որոշի, և նաև ընդդիմությունը, շատ կարևոր է»,- հայտարարել է նա։
Կարապետյանը պնդել է, որ ընդդիմությունն իր դիրքորոշումը ներկայացնելով՝ իրականացնում է ընտրողներից ստացած լիազորությունը։
«Քանի որ պատվիրակված ենք ժողովրդի կողմից այդ գործն ուսումնասիրելու, մենք մեր կարծիքը հայտնում ենք, ներկայացնում ենք մեր ժողովրդին։ Մեր կարծիքն ասում ենք, ինչը մեր սահմանադրական իրավունքն է, ու սա քաղաքական նորմալ գործընթաց է»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով միավորված ընդդիմադիր 13 ուժերի կողմից այս օրերին իրականացվող իրազեկման ակցիաներին, որոնց ընթացքում ընդդիմադիր գործիչները փողոցում մարդկանց ներկայացնում են իրենց դիրքորոշումը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ, խոսելով Սահմանադրության նոր նախագծի մասին, հայտարարել է, որ կարելի է քննարկել Սահմանադրության տեքստն ավելի բարելավելու հարցը, սակայն շեշտել է, որ դա կարող է լինել միայն այն պարագայում, եթե Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու հարց դրված չլինի։
Լևոն Քոչարյանը շարունակել է պնդել ընդդիմության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունը պարտադրված է Ադրբեջանի կողմից։
«Միշտ էլ կարելի է քննարկել ավելի լավ տեքստ, ավելի լավ սահմանադրություն, բայց եթե դա ուղիղ թշնամի պետության պահանջով է այստեղ արվում, դա մեզ համար անընդունելի է։ Եթե լիներ այլ կոնտեքստում, եթե խնդիր դրված չլիներ Անկախության հռչակագրի հղումը հանելու, միգուցե, կարելի էր քննարկել Սահմանադրությունը։ Միշտ էլ տեղ կարող է լինել ավելի լավը դարձնելու այն, բայց այն կոնտեքստում, որով փորձում են փոխել մայր օրենքը, անընդունելի է»,- ասել է Քոչարյանը։
Խոսելով Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելուն աջակցելու վերաբերյալ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկի մասին՝ Լևոն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցով ժողովուրդն արդեն իր կարծիքը հայտնել է՝ հունիսի 7-ին կայացած ընտրություններում իշխող ուժին չտալով բավարար քանակի ձայներ, որպեսզի վերջիններս կարողանան սահմանադրական հանրաքվե նախաձեռնել։
Նշենք, որ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները խորհրդարանում չեն բավարարում Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Դրա համար նրանց անհրաժեշտ է ևս 6 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ «չեն աջակցելու Սահմանադրությունը փոխելու քայլերին, քանի որ փոփոխությունները համարում են Ադրբեջանի կողմից պարտադրված»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 13 քաղաքական ուժեր, այդ թվում խորհրդարանում խմբակցություններ ունեցող «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները, միավորվել են՝ հայտարարելով, որ դեմ են հանդես գալու նոր Սահմանադրությունն ընդունելու գործընթացին։ Նրանք պնդում են, որ այդ փոփոխություններն արվում են Ադրբեջանի պահանջով, քանի որ արդեն իսկ հայտարարվել է, որ նոր Սահմանադրության տեքստում չի լինելու հղում ՀՀ անկախության հռչակագրին, իսկ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ հենց Անկախության հռչակագրին արված հղումն են համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու միակ խոչընդոտը։ Իշխանությունը իր հերթին վստահեցնում է, որ Ադրբեջանը չի պահանջում և չի կարող պահանջել, որպեսզի ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը, քանի որ դա ՀՀ ներքին հարցն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը իր հետ զրույցում ընդունել է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է, սակայն միևնույն ժամանակ տեղյակ է պահել, որ չեն ստորագրելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին։