Վարչապետը հայտնել է Թուրքիա էլեկտրաէներգիայի ուղիղ արտահանման ցանկության մասին
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նախկինում Թուրքիա էլեկտրաէներգիա է արտահանել միջնորդավորված եղանակով՝ նշելով, որ կառավարությունը ցանկանում է նման տնտեսական կապերն իրականացնել ուղիղ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նոյեմբերի 18-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է թեմային՝ պատասխանելով պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ քաղաքական շրջանակների արտաքին տնտեսական շահերի վերաբերյալ դիտարկմանը։
Փաշինյանի խոսքով՝ Թուրքիայի հետ տնտեսական առնչություններ նախկինում ևս եղել են, սակայն դրանց մասին հրապարակային չի խոսվել։
«Եթե նախորդ շրջանում փորձենք նայել՝ Հայաստանից էլեկտրաէներգիան ինչ ուղղություններով է արտահանվել, ոչ ուղղակի, միջնորդավորված՝ Թուրքիա շատ էլեկտրաէներգիա է արտահանվել։ Չի ասվել դրա մասին։ Ինչո՞ւ չի ասվել․ որովհետև միջնորդավորված է արտահանվել»,- հայտարարել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ կառավարությունը նախընտրում է ուղիղ տնտեսական հարաբերությունները։
«Հիմա մենք ուզում ենք, որ ուղիղ այդ ամեն ինչը տեղի ունենա, որովհետև դա նորմալ է»,- ասել է Փաշինյանը։
Նոյեմբերի 11-ին Անթալիայում Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը կողմերը կարևորել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խթանումը։ Քննարկվել էին նաև հաղորդուղիների ապաշրջափակման հարցերը։