Ադրբեջան

Վարչապետը հերքել է նոր Սահմանադրության օրակարգն Ադրբեջանի պահանջով պայմանավորելու ընդդիմության պնդումը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հերքել է նոր Սահմանադրության օրակարգն Ադրբեջանի պահանջով պայմանավորելու ընդդիմության պնդումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրություն ունենալու օրակարգն իշխանությունը որդեգրել է ութ տարի առաջ՝ հերքելով այն Ադրբեջանի պահանջով պայմանավորելու ընդդիմության պնդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հայտարարություններին։

Ղահրամանյանը պնդել է, որ իշխանությունը փորձում է փոխել Սահմանադրությունը՝ կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։ Նա վկայակոչել է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ նշելով, որ դրանում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա։

Փաշինյանը պատասխանել է, որ կառավարությունն իրականացնում է իր քաղաքական օրակարգը։

«Մենք նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը որդեգրել ենք ութ տարի առաջ։ Եվ մենք մեր օրակարգն իրականացնում ենք և հպարտ ենք, ի միջի այլոց, որ կարող ենք մեր օրակարգն իրացնելու հետ Հայաստանի Հանրապետությանը բերել անշրջելի խաղաղություն»,- ասել է վարչապետը։

Նա քննադատել է գործող Սահմանադրությունը՝ այն կապելով նախկին քաղաքական և պետական համակարգի խնդիրների հետ։

«Այս Սահմանադրությունն օլիգարխիայի Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը մարիոնետային, կոռումպացված դատական և պետական համակարգի Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը ժողովրդի իշխանությունն արհամարհող Սահմանադրություն է»,- հայտարարել է Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում