Ադրբեջան

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ ընդհանուր գետերի օգտագործման կանոնների քննարկումը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ ընդհանուր գետերի օգտագործման կանոնների քննարկումը

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով անցնող գետերի ջրային ռեսուրսների օգտագործումը պահանջում է համագործակցություն և ընդհանուր կանոնների քննարկում՝ նաև բնապահպանական չափանիշների պահպանման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ անդրսահմանային ջրերի կառավարման շուրջ հայ-ադրբեջանական համագործակցության վերաբերյալ հարցին։

Ղազարյանը հետաքրքրվել է համապատասխան աշխատանքային խմբերի ձևավորմամբ և խնդրել լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել Դուբլինում Փաշինյան–Ալիև հանդիպման ընթացքում քննարկված այդ ուղղության մասին։

Փաշինյանը նշել է, որ հակամարտությունը հաղթահարող երկրները պետք է համագործակցեն տարբեր ոլորտներում։

«Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս Հայաստանի տարածքից։ Ըստ էության՝ դրանք ընդհանուր գետեր են»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է քննարկել այդ ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման կանոնները՝ ներառյալ բնապահպանական պահանջները։

Փաշինյանը նման համագործակցության օրինակներ է ներկայացրել նաև Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններից՝ հիշատակելով Արաքսին առնչվող հարցերն ու Ախուրյանի ջրամբարի օգտագործումը։

«Մենք Թուրքիայի հետ ունենք այդպիսի համագործակցություն․ մասնավորապես՝ Ախուրյանի ջրամբարն արդեն շատ երկար տարիներ համատեղ է օգտագործվում՝ այդ ջրամբարի սահմանային լինելու բերումով։ Ես նկատի ունեմ՝ դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով աշխատանքների ընթացքին՝ Փաշինյանն ասել է, որ ջրային հարցերով աշխատանքային խմբերի հանդիպում դեռ չի կայացել։

«Աշխատանքային խմբեր ձևավորվում են, հանդիպում տեղի չի ունեցել։ Այս պահին կարող եմ ասել այդքանը, բայց տեղի կունենա, և քննարկումներ կգնան»,- հայտնել է նա։

Վարչապետը քննադատել է նաև խաղաղության օրակարգի շուրջ դավադրապաշտական մեկնաբանությունները՝ դրանք կապելով երկարատև հակամարտության պայմաններում ձևավորված ընկալումների հետ։

Նոյեմբերի 12-ին Դուբլինում Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում նշվել էր, որ ղեկավարները կարևորել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում