Հայաստան

Վարչապետը հարավում սահմանազատումը համարում է ԹՐԻՓՓ-ի իրագործման կարևոր հանգրվաններից մեկը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հարավում սահմանազատումը համարում է ԹՐԻՓՓ-ի իրագործման կարևոր հանգրվաններից մեկը

ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլի կարևոր հանգրվաններից է լինելու հարավային հատվածում հաղորդակցությունների կառուցման համար անհրաժեշտ սահմանային հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով պատգամավոր Նատալի Սինորյանի՝ հայ-ադրբեջանական սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերաբերյալ հարցին։

Փաշինյանը նշել է, որ աշխատանքները շարունակվում են նախկինում ներկայացված ուղղություններով։

«Մեծ հաշվով նորություն չունեմ։ Միակ նորությունն այն է, որ ինչ նախկինում խոսվել է, ասվել է, քննարկվել է, այդ ուղղություններով առաջ ենք շարժվում և պետք է իրականացնենք քայլ առ քայլ այն, ինչի մասին նախորդիվ ես խոսել եմ»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակում հարավային հատվածում սահմանազատումն անհրաժեշտ է տրանսպորտային հաղորդակցությունների և այլ ենթակառուցվածքների՝ խողովակաշարի, երկաթուղու ու ճանապարհի կառուցման համար։

«ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլ ենք մտնում»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբլինում կայացած հանդիպմանը՝ վարչապետն ասել է, որ դրա ընթացքում վերահաստատվել են նախնական պայմանավորվածությունները։

«Դուբլինի հանդիպման ընթացքում մենք վերահաստատել ենք այն, ինչ նախկինում արդեն իսկ նախնական պայմանավորվել էինք։ Այդ առումով նորություն չկա, որովհետև նախկինում ես, ըստ էության, ամբողջ տրամաբանությունը նախնական համաձայնությունների ժանրով ներկայացրել եմ։ Հիմա կարող եմ ասել, որ այդ համաձայնությունները վերահաստատվել են»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հետագա աշխատանքը սահմանազատման հանձնաժողովների տիրույթում է։

«Նրանք կաշխատեն և քաղաքական բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործեն»,- ասել է վարչապետը։

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին նոյեմբերի 12-ին՝ Դուբլինում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում