Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը 2027 թվականին կհասնի 2.4 միլիոնի

3 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը 2027 թվականին կհասնի 2.4 միլիոնի

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե քաղաքացիների որ խմբերը 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։

Նրա խոսքով՝ առաջին խումբը մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար քաղաքացիներն են։ Նրանց ապահովագրավճարի պարտավորությունը կբաշխվի հետևյալ կերպ. ամսական 10 հազար 800 դրամ ապահովագրավճարից 4 հազար 400 դրամը կվճարի պետական բյուջեն, 4 հազար 400 դրամը՝ գործատուն, իսկ 2 հազար դրամը՝ աշխատողը։

«Ապահովագրական համակարգում կընդգրկվեն նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձինք։ Նախատեսվում է նաև նոր հնարավորություն ստեղծել աշխատող քաղաքացիների համար՝ ապահովագրելու իրենց ընտանիքի անդամներին։ 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան ապահովագրել ընտանիքի մեկ անդամի, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ երկու անդամի։ Ապահովագրության համակարգին կմիանան նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացիները, որոնք վերջին երկու տարիներին միացած են եղել հարթակին, և որոնց ամսական շրջանառությունը մեկ տարվա ընթացքում գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը կհասնի 2.4 միլիոնի։

Նախարարը ներկայացրել է նաև առողջապահական մի շարք ծրագրերի ընդլայնման նախատեսվող աշխատանքները։

«Հաջորդ տարի կընդլայնվի ինսուլինի անալոգների՝ գրիչների և ասեղների տրամադրման ծրագիրը։ Տարիքային շեմը կբարձրացվի, և ապահովումից կօգտվեն մինչև 50 տարեկան քաղաքացիները։ Բացի երեխաներից, արյան մեջ շաքարի մակարդակը չափող սենսորներ կտրամադրվեն նաև հղիներին։ Կընդլայնվի նաև նյարդաբանական խնդիրներով պայմանավորված 13 համախտանիշների դեպքում դեղորայք ստացող շահառուների շրջանակը»,-նշել է նախարարը՝  հավելելով, որ շարունակվելու և ընդլայնվելու է նաև արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զույգերին իրականություն դարձնել երեխա ունենալու բաղձալի երազանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում