Պաշտպանական բյուջեն ձևավորելիս հարևան երկրների ցուցանիշները վերլուծվում են․ ՀՀ ֆինանսների նախարար
2 րոպեի ընթերցում

Պաշտպանության բյուջեի ձևավորման ընթացքում վերլուծվում են նաև հարևան պետությունների ռազմական բյուջեներն ու անվտանգությանն առնչվող այլ հանգամանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել է՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը պլանավորելիս հաշվի առնվո՞ւմ են հարևան երկրների ռազմական բյուջեների՝ ընդհանուր բյուջեներում ունեցած մասնաբաժինները։ Նա խնդրել է ներկայացնել համապատասխան համեմատությունը։
Հովհաննիսյանը պատասխանել է, որ բյուջեի նախապատրաստման ընթացքում համապատասխան քննարկումներ են անցկացվում Անվտանգության խորհրդում և Պաշտպանության նախարարությունում։
«Մենք ամեն տարի գարնանը որոշում ենք, թե ամեն նախարարության կամ ոլորտի գծով որքան գումար պետք է հատկացնենք, այնուհետև քննարկում ենք բյուջեի բացվածքն արդեն ամռանը՝ մինչև Ազգային ժողով բյուջեն ներկայացնելը։ Այդ քննարկումները տեղի են ունենում Անվտանգության խորհրդում, Պաշտպանության նախարարությունում, համապատասխան վերլուծական աշխատանք է իրականացվում»,- ասել է նախարարը։
Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ տվյալ պահին չի կարող ներկայացնել հարևան պետությունների ռազմական բյուջեների չափերը։
«Եթե դուք ինձ հարցնում եք՝ ինչքա՞ն է մեր հարևան պետությունների ռազմական բյուջեն, ցավոք, այդ մի թիվն էլ չգիտեմ, բայց վստահ եղեք, որ ոչ միայն այդ թիվը, այլ նաև ամեն ինչ վերլուծվում է»,- ընդգծել է նա։
Նախարարը հավելել է, որ Պաշտպանության նախարարությանը նախատեսվող հատկացումները չեն ներառում անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող բոլոր ծախսերը։
«Գտել ենք, որ Պաշտպանության նախարարության բյուջեն պետք է լինի 616 միլիարդ դրամ։ Եվ դա ամբողջ ռազմական բյուջեն չէ, որովհետև այլ գերատեսչություններ ևս իրականացնում են այդ ուղղությամբ աշխատանքներ»,- նշել է Հովհաննիսյանը։