Տնտեսություն

Պաշտպանական ծախսերը 2027-ի բյուջեի նախագծով կավելանան շուրջ 53 միլիարդ դրամով

3 րոպեի ընթերցում

Պաշտպանական ծախսերը 2027-ի բյուջեի նախագծով կավելանան շուրջ 53 միլիարդ դրամով

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել շուրջ 53 միլիարդ դրամով՝ հասցնելով մոտ 616 միլիարդ դրամի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նոյեմբերի 18-ին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։

Չախոյանը խնդրել է հաստատել, որ 2026 թվականի համար նախատեսված շուրջ 563 միլիարդ դրամի համեմատ պաշտպանական ծախսերն ավելանալու են մոտ 9,5 տոկոսով։ Նա նաև քննադատել է ընդդիմադիրներին՝ պնդելով, որ նախորդ տարվա հատկացումները քննադատած գործիչները չեն բարձրաձայնելու նախատեսվող աճի մասին։

Հովհաննիսյանը հաստատել է ներկայացված թվերը և պարզաբանել, որ պաշտպանության ոլորտի որոշ ծախսեր նախորդ տարիներին իրականացվել են առաջանցիկ տեմպերով։

«Մենք դեռևս 2024 թվականին որոշեցինք, որ 2025 թվականի դեֆիցիտն ավելացնելու ենք, որպեսզի պաշտպանությանը ուղղված որոշ ծախսեր ապագայից առաջ բերենք։ Այսինքն՝ այն ծախսերը, որ պետք է անեինք 2026, 2027, 2028 թվականներին, առաջանցիկ տեմպով անենք, որովհետև դրա կարիքն ունենք»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ դրանից հետո բյուջեի պակասուրդի նվազմանը զուգահեռ պաշտպանական ծախսերը վերադարձել են պլանավորված աճի ուղեգծին։

«Հիմա այն ավելացումը, որը մենք ունենք, պլանային ավելացում է այն ուղեգծով, որով շարժվում ենք առաջ, և առաջիկայում այդ տեմպով էլ շարժվելու ենք առաջ։ Մեր նպատակն է մոտավորապես ՀՆԱ-ի 4 տոկոսի և ավելի սահմաններում պահպանել անվտանգությանն ուղղված ծախսերը, և դա անելու ենք»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Չախոյանն արձագանքել է, որ 2025 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացումը պետք է հաշվի առնել հաջորդ տարիների ցուցանիշները համեմատելիս։ Նա կրկին ընդդիմությանը մեղադրել է ծախսերի փոփոխությունները միակողմանի ներկայացնելու մեջ։

Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է եկամուտների, անհրաժեշտ ծախսերի և պարտքի միջև հավասարակշռությունը պահպանելու կարևորությունը։

«Եթե ուզում ենք ինչ-որ մի ուղղությամբ մեծ ավելացումներ ունենալ, դա պետք է անենք կամ եկամուտների ավելացման, կամ դեֆիցիտի ավելացման հաշվին։ Եվ դրա հավասարակշռությունը պետք է ճիշտ գտնենք։ Ես ուրախ եմ, որ կարողանում ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարել՝ առաջանցիկ տեմպերով, և միևնույն ժամանակ ունենալ դեֆիցիտի նվազում»,- ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում