Առողջության համընդհանուր ապահովագրությունը շատ ճիշտ ներդրում է այսօրվա և ապագայի մեջ. Անահիտ Ավանեսյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության նախարարությանը կհատկացվի 348.1 միլիարդ դրամ, ինչը 2026 թվականի համեմատ ավելի է 136.5 միլիարդ դրամով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականին հաջողությամբ ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շնորհիվ հարյուր հազարավոր քաղաքացիներ առաջին անգամ հնարավորություն են ստացել ժամանակին բուժօգնություն ստանալու, վերականգնվելու և վստահ լինելու, որ պետությունն իրենց կողքին է ու հոգում է բուժման ծախսերը։
«Հաջորդ տարի համակարգն ընդլայնվելու է, և ևս առնվազն 400 հազար քաղաքացի հնարավորություն կունենա օգտվելու ապահովագրական փաթեթից։ Հաջորդ տարի պետությունը շարունակելու է 100 տոկոսով փոխհատուցել մինչև 18 տարեկանների, 65 և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ապահովագրավճարները և սուբսիդավորելու է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Այս նպատակի համար կհատկացվի 276 միլիարդ դրամ»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն հասել է 1.8 միլիոնի։ Առողջապահական ծառայություններից օգտվել է ավելի քան 1 միլիոն քաղաքացի, գրանցվել է 16.2 միլիոն սպասարկման դեպք։ 10 ամսվա ընթացքում փոխհատուցման բյուջեն կազմել է 180 միլիարդ դրամ։
«Ապահովագրական բյուջեի շրջանակում ունենք 93 տոկոս փոխհատուցման ցուցանիշ, ինչը բավականին լավ արդյունք է»,- ասել է նախարարը։
Ավանեսյանը ներկայացրել է նաև առողջապահական ցուցանիշները՝ նշելով, որ 2025-2026 թվականների հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում սրտանոթային հիվանդություններից մահացությունը բոլոր տարիքային խմբերում նվազել է 7.7 տոկոսով։ Չարորակ նորագոյացություններից վաղաժամ մահացությունը 2025՝ թվականին 2024 թվականի համեմատ, նվազել է 8.4 տոկոսով։ Մայրական մահացության եռամյա ցուցանիշը 2023-2025 թվականներին կազմել է 11.6 պրոմիլե, ինչը, նախարարի խոսքով, աննախադեպ արդյունք է։ Նվազման միտում է արձանագրվում նաև մանկական մահացության ցուցանիշներում, և ակնկալվում է, որ այն կպահպանվի նաև այս տարի։ Անդրադառնալով վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը՝ Ավանեսյանը նշել է, որ պատվաստումների դրական ցուցանիշը պահպանվում է։
«Հաջորդ տարի նախատեսվում է ներդնել նաև ջրծաղիկի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը և մարդու պապիլոմավիրուսի իննավալենտ պատվաստանյութը։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից ի վեր 28 հազար 271 քաղաքացի վերագտել է տեսողությունը։ Այս ցուցանիշները վկայում են, որ ապահովագրության ներդրումը շատ ճիշտ ներդրում է այսօրվա և ապագայի մեջ»,- հավելել է նա։