Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։ ՀՀ վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Գերմանիան, որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է, և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կրում է դինամիկ ու պարբերական բնույթ։

Յոհան Վադեֆուլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու Գերմանիայի պատրաստակամությունը։ Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի Կառավարության աջակցությունը՝ ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ։ Յոհան Վադեֆուլը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ ձևավորվող կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի խթանմանն ու փոխգործակցության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ։        

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում