Իրան

Հայաստանի և Իրանի սահմանին երկու կողմերում նոր մաքսակետերի շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են. Խուդաթյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի սահմանին երկու կողմերում նոր մաքսակետերի շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են. Խուդաթյան

Հայաստանի և Իրանի սահմանին նոր մաքսակետերի կառուցման աշխատանքները երկու կողմերում էլ ակտիվ տեմպով առաջ են ընթանում և գրեթե ավարտական փուլում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Անդրադառնալով սահմանային անցակետում առաջացող հերթերին՝ Խուդաթյանը նշել է, որ հերթեր առկա են ոչ միայն հայկական, այլ նաև իրանական կողմի անցակետում՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված։

«Այդ հերթերը կառավարելի են և նոր չեն։ Մենք ինտենսիվ աշխատում ենք Իրանի մեր գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, նաև ձեռքի կառավարման ռեժիմով փորձում ենք կարգավորել խնդիրը»,- ասել է նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները էականորեն և շեշտակի աճել են, մինչդեռ այդ ապրանքաշրջանառությունն իրականացվում է ցամաքային մեկ սահմանային անցակետով։ Հետևաբար, նոր մաքսակետի կառուցումը կարևոր նշանակություն ունի սահմանային անցակետի թողունակության բարձրացման և առաջացող խնդիրների կարգավորման տեսանկյունից։

Նախարարը նշել է, որ Իրան կատարած իր այցի շրջանակներում իրանցի գործընկերների հետ քննարկվել են նաև երկրորդ կամրջի կառուցման աշխատանքները։

Նրա խոսքով՝ իրանական կողմն արդեն գրեթե ավարտում է նոր կամրջի նախագծման աշխատանքները։ Կարճ ժամանակ անց նախատեսվում է ունենալ կապալառու ընկերություն, որից հետո կմեկնարկեն նաև կամրջի շինարարական աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում