Հովտաշատի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև փետրվար. Ժաննա Անդրեասյան
1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի դպրոցի շինարարական աշխատանքները ներկայում մեծ թափով շարունակվում են։ Դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև փետրվար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Հովտաշատի դպրոցում շինարարական աշխատանքները միշտ չէ, որ պատշաճ ընթացք են ունեցել։
«Շինարարական ընկերության հետ առաջացել են նաև լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից բխող որոշակի հարցեր։ Այս պահին տպավորություն ունենք, որ առնվազն մինչև փետրվար կկարողանանք դպրոցը հանձնել շահագործման»,- ասել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ Հովտաշատի երեխաներն այս պահին հաճախում են Հայանիստ համայնքի նորակառույց դպրոց՝ երկրորդ հերթով, ինչը նշանակում է, որ նրանք արդեն օգտվում են նոր դպրոցի պայմաններից։
Նախարարը հույս է հայտնել, որ շուտով Հովտաշատի դպրոցը ևս իր դռները կբացի աշակերտների առաջ։